Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի օրը պաշտոնապես ստանձնեց իր պարտականությունները եւ երդվեց գործել ի բարօրություն Երեւանի բնակիչների:

Քաղաքապետի երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

«Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը», - իր երդման արարողության ժամանակ խոստացավ Կարեն Կարապետյանը:

Երեւանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան Կարեն Կարապետյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացի, ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը: Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսը: Նա հույս հայտնեց, որ քաղաքապետը «միշտ ականջալուր կլինի Արգիշտի արքայի խրոխտ ձայնին»:

Նախագահ Սերժ Սարգսյանը, իր հերթին, քաղաքապետին հորդորեց արդարացնել բոլորի հույսերը եւ հուսախաբ չանել:

«Հայտնի է, որ պարոն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երեւան քաղաքում, ունի բարոյական լավ նկարագիր: Պարոն Կարապետյան, մաղթում եմ, որ դու արդարացնես բոլորիս հույսերը եւ հուսախաբ չանես բոլոր այն մարդկանց, ովքեր որպես կառավարիչ տարբեր բարձր պաշտոններում նախընտրում են հենց Ձեր տիպին», - ասաց նախագահը:

Նախագահ Սարգսյանը նշեց, որ իր ակնկալիքները կապված են քաղաքապետի գործելաոճի հետ, հիշեցնելով, որ դեկտեմբերի 18-ին Հայաստանի հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հանգամանորեն խոսել է այն որակների ու մոտեցումների մասին, որ պետք է դրսեւորի պետական պաշտոնյան:

Նախագահը մասնավորապես ասել էր. - «Անբարեխիղճ պաշտոնյաներ մեզ պետք չեն»: Նա նաեւ շեշտել էր, որ գողությունը, կաշառակերությունը հաստատապես պետք է պատժվեն, եւ կուսակցական պատկանելությունը եւ կամ ցանկացած այլ տիպի կապեր որեւէ նշանակություն չպետք է ունենան:

«Ես իրոք լիահույս եմ, որ ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրերից բոլորին ակնհայտ է լինելու, որ դուք սկսել եք այդ պահանջների իրականացումը», - ասաց նախագահը:
XS
SM
MD
LG