Մատչելիության հղումներ

Հանրապետականի խոսնակը չի բացառում նոր պաշտոնանկությունները


Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց նոր պաշտոնանկությունները:

Անցած շաբաթավերջին Հանրապետականի 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Հայաստանի նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարեց, մասնավորապես, թե «չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման, կանգնած ջրերը որպես կանոն ճահճանում են»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով նախագահի խոսքերը` Շարմազանովը ասաց. - «Կա հայտնի ճշմարտություն, որ արագ փոփոխվող աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է պատրաստ լինել փոփոխությունների, եւ հենց դա ի նկատի ուներ պարոն նախագահը: Որովհետեւ աշխարհը արագ է փոփոխվում, պաշտոնը պետք է լինի ոչ թե իրավունք, այլ պետք է լինի պարտավորություն: Նախագահը շատ հստակ մատնանշեց, որ մեզ համար պատասխանատվությունը քաղաքական կատեգորիա է, եւ յուրաքանչյուր հանրապետական իր գործում պետք է պատասխանատու լինի իր գործունեության համար»:

Իսկ հարցին` արդյոք սպասվո՞ւմ են նոր պաշտոնանկություններ, իշխող կուսակցության խոսնակը արձագանքեց. - «Ես մի բան կարող եմ ասել. նախագահի խոսքի տրամաբանությունը հետեւյալն է` որ անբարեխիղճ պաշտոնյաները մեր երկրում տեղ չունեն, օրենքը պետք է բոլորի վրա հավասար լինի: Ես չեմ բացառում, որ նմանատիպ փոփոխություններ լինեն. չեմ կարող ասել` ինչ պաշտոնի, ոնց, բայց այստեղ կարեւորը փիլիսոփայությունն է, իսկ փիլիսոփայությունը այն է, որ այն պաշտոնյաները, որոնք պատրաստ չեն այս խաղի կանոններով առաջ շարժվել, պատրաստ չեն իրականացնել նախագահի քաղաքական խոստումները, նրա գիծը, բնականաբար, նրանք տեղ չեն ունենա»:

Շաբաթ օրվա հանդիսավոր նիստում խոսելով շրջանառվող այն լուրերի մասին, թե նախագահը վերջնագիր է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. - «Բոլորիդ է հայտնի, որ ես երբեք որեւէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ` իմ գործընկերների հետ: Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ:»:

Հարցին, թե ի՞նչ պահանջների մասին է խոսքը, Շարմազանովը պատասխանեց. - «2008 թվականին Սերժ Սարգսյանը ոչ միայն Հանրապետական կուսակցության թեկնածուն էր, այլ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն էր` նրանք եւս պաշտպանել էին այդ թեկնածությունը: Ավելին` նախագահական ընտրություններից հետո կոալիցիոն հուշագիր ստորագրվեց եւ որոշվեց այդ կոալիցիոն հուշագրի շրջանակներում նախագահի նախագահական ծրագրի հիման վրա իրականացնել քաղաքականություն: Բնականաբար, նախագահը` որպես հանրապետության նախագահ, որպես կոալիցիայի ղեկավար, պետք է պահանջ ներկայացնի բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր որ աշխատում են այդ թիմում, ովքեր որ աշխատում են այդ խաղի կանոններով, այդ փիլիսոփայության շրջանակներում»:

«Այստեղ որեւէ նոր բան չկա, այսինքն` որեւէ ոչ հասկանալի խնդիր չկա: Շատ հստակ, շատ պարզ նախագահը զգուշացրել է, որ ինքը պահանջելու է աշխատել նույն խաղի կանոններով բոլոր նրանցից, ովքեր որ այդ խաղի կանոնների տակ ստորագրել են, ովքեր որ իրենք որոշել են նաեւ ունենալ իրենց չափաբաժին պատասխանատվությունը, բնականաբար` երկրի նախագահի գլխավորությամբ», - ընդգծեց Հանրապետականի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG