Մատչելիության հղումներ

Օբամա. «ԱՄՆ - Թուրքիա համագործակցությունը այժմ կարեւոր է քան երբեւէ»


Բարաք Օբամա եւ Ռեջեփ Էրդողան, Անկարա, 6-ը ապրիլի, 2009թ.

Բարաք Օբամա եւ Ռեջեփ Էրդողան, Անկարա, 6-ը ապրիլի, 2009թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Hurriyet-ին տված հարցազրույցում ընդգծել է ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունների կարեւորությունը:

«Մեր ընդհանուր շահերը, մեր ընդհանուր արժեքները մեր հարաբերությունների հիմքում են, նույնիսկ երբ մենք որոշ անհամաձայնություն ունենք», - նշել է ԱՄՆ-ի նախագահը թուրքական պարբերականի հարցերին իր գրավոր պատասխանում, որը Hurriyet-ը հրապարակել է կիրակի օրը:

«Հաշվի առնելով ավելի ու ավելի բարդ խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, ես կարծում եմ, որ ամերիկա - թուրքական համագործակցությունը այժմ ավելի կարեւոր է, քան երբեւէ», - հավելել է Օբաման:

Հունիսին Թուրքիան հարուցել էր Միացյալ Նահանգների դժգոհությունը, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկել էր Իրանի դեմ առաջարկվող նոր պատժամիջոցների դեմ:

Օբաման ասել է Hurriyet-ին, որ հակված է Իրանի շուրջ ծագած խնդիրների դիվանագիտական լուծման, սակայն նաեւ ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը չի հաջողվել միջազգային հանրությանը համոզել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

«Իրանը հնարավորություն ունի դա անել Թուրքիայում հունվարին սպասվող 5+1 ձեւաչափով բանակցությունների ժամանակ, կան ուղիներ, որոնցով մենք կարող ենք առաջ շարժվել, սակայն բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն կառուցողական մոտեցում ցուցաբերել», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Օբաման նաեւ կոչ է արել Թուրքիային եւ Իսրայելին հարթել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում առկա լարվածությունը եւ իր գոհունակությունն է հայտնել, որ պաշտոնական Անկարան այս ամսվա սկզբին երկու ինքնաթիռ է ուղարկել Իսրայել` օգնելու այդ երկրում բռնկված հրդեհի դեմ պայքարում:

«Թուրքիան եւ Իսրայելը ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցներն են, եւ ես կոչ եմ անում երկու կողմերին անել հնարավորը` իրենց հարաբերությունները վերականգնելու համար», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքը WikiLeaks կայքում, որտեղ պարունակվում են նաեւ կտրուկ արտահայտություններ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերաբերյալ, երկկողմ հարաբերությունները չի փչացնի:

Հղում անելով վերջերս էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցին` Օբաման հայտարարել է. - «Մեր համագործակցությունը կայուն է, եւ մենք պայմանավորվել ենք, որ WikiLeaks-ի անպատասխանատու գործողությունները դրանց չեն սպառնում»:

Բարաք Օբաման նաեւ վերահաստատել է իրենց աջակցությունը Թուրքիային` Եվրամիությանը անդամակցելու ջանքերում եւ քուրդ անջատողականների դեմ պայքարում:

Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ պաշտոնական Անկարան պետք է ակտիվացնի ջանքերը Եվրամիության չափանիշներին համապատասխանելու համար` պետք է ընդլայնի քրիստոնյա փոքրամասնության իրավունքները եւ քրդական համայնքի ազատություններն ու բարեկեցությունը բարելավի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG