Մատչելիության հղումներ

Հետընտրական բախումներ եւ ձերբակալություններ Բելառուսում


Մինսկ, 19-ը դեկտեմբերի, 2010թ.

Մինսկ, 19-ը դեկտեմբերի, 2010թ.

Կիրակի օրը Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաներ մայրաքաղաք Մինսկում, որոնք ավարտվել են բախումներով ու հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալություններով:

Exit poll-երի համաձայն` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան պետք է հավաքեր քվեների 76-78 տոկոսը։ Ընդդիմությունը, սակայն, դեռ քվեարկության ընթացքում հայտարարել էր, որ իշխանությունները կեղծելու են թե՛ ընտրությունները եւ թե՛ exit poll-երի տվյալները, եւ հանրությանը կոչ էր արել ընտրատեղամասերի փակումից հետո հավաքվել մայրաքաղաքի Օկտյաբրսկայա հրապարակում եւ բողոքի ակցիա սկսել։

56-ամյա Լուկաշենկան, ով 9 մրցակիցների հետ պայքարում պատրաստվում է չորրորդ անգամ վերընտրվել, արձագանքել էր, թե իրավապահները չարտոնված հավաք չեն հանդուրժի եւ կոշտ քայլերով դրանք կկանխեն, ու ավելացրել.- «Ի՞նչ է սպասում նման գործողությունների կազմակերպիչներին` կարդացեք մեր օրենքները, ամեն ինչ կլինի օրենքին համապատասխան, անվտանգությունն էլ, մի անհանգստացեք, ոչ ոք հրապարակ չի գնա»։

Այդուհանդերձ, ընդդիմության հազարավոր աջակիցներ երեկոյան ժամը 9-ի սահմաններում շարժվել են դեպի Օկտյաբրսկայա եւ Անկախության հրապարակներ, որտեղ արդեն տեղակայված են եղել ոստիկանների հատուկ ջոկատներ։

Իրավապահները՝ կիրառելով մահակներ եւ ձայնային նռնակներ, հարձակվել են ցուցարարների վրա։ Բախման ընթացքում վնասվածքներ են ստացել նախագահության թեկնածուներ Վլադիմիր Նեկլյաեւը եւ Վիտալի Ռիմաշեւսկին։ Նեկլյաեւին գանգուղեղի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա հրաժարվել է մնալ այնտեղ։

Վնասվածքներ են ստացել տասնյակ ցուցարարներ, ինչպես նաեւ բախումների էպիկենտրոնում հայտնված մի քանի լրագրող։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ջամի Քիրչնիկի փոխանցմամբ` բողոքի ակցիաներին մասնակցել է 5-10 հազար մարդ։

Օկտյաբրսկայա հրապարակից ցուցարարները շարժվել են դեպի կառավարական շենքները։ Նրանք փորձել են ներխուժել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ջարդուփշուր են արել դռներն ու պատուհանները։

Ոստիկաններին հաջողվել է հրապարակից դուրս մղել ընդդիմադիրներին։ Վերջին տվյալներով` ձերբակալված է մոտ հազար մարդ, այդ թվում` նախագահության թեկնածուներ Անդրեյ Սաննիկովը, Վիտալի Ռիմաշեւսկին եւ Նիկոլայ Ստատկեւիչը։

Ներկայումս հրապարակում միայն ոստիկաններն են մնացել։ Ընդդիմության առաջնորդները իրենց աջակիցներին կոչ են արել երկուշաբթի օրը նորից դուրս գալ փողոցներ։

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան երկուշաբթի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 3-ին, ասել է, որ ընդդիմության հրահրած անկարգությունների հետեւանքով ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը մի քանի ժամով հետաձգվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG