Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման»


«Կառավարող հզոր կուսակցության առկայությունն ապահովում է ներքին քաղաքական կայունություն, ինչը շատ կարեւոր է: Առանց այդ կայունության չի կարող լինել տնտեսական առաջընթաց, ուրեմն եւ՝ ապագա», - Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Բայց այսօր ես տեսնում եմ մեկ այլ վտանգ: Չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման, կանգնած ջրերը որպես կանոն ճահճանում են», - հավելեց նա:

Նախագահի խոսքով` «հիվանդությունն ունի շատ պարզ դեղատոմս` ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում, ... եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծում»:

«Մի կողմից մենք պետք է բացառենք հեղափոխական ցնցումները, որ ոչ մի երկրի բարօրություն չեն բերել երբեք, մյուս կողմից մենք պետք է բացառենք տեղում դոփելու վտանգը, պետք է նոր բարձր տեմպ հաղորդենք մեր քայլերին: Մեր ճանապարհը ոսկե միջինն է», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը անդրադարձավ ներքաղաքական կյանքին: Հիշեցնելով,
Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ նշելով, որ չի պատրաստվում մեկնաբանել կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների փոխադարձ խանդի եւ մրցակցության մասին ասեկոսեները, նա, մասնավորապես, ասաց. - «Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա առողջ մրցակցությունը բնական է եւ օրինաչափ: Խորհրդարան կմտնեն այն ուժերը, որոնք արդար պայքարում կվաստակեն ժողովրդի վստահության քվեն: Ուժերի վերադասավորում կարող է իրականացնել եւ պետք է իրականացնի միայն ու միայն ընտրողը»:

Այնուհետեւ Հանրապետականի ղեկավարը ավելացրեց. - «Այստեղ ուզում եմ անդրադառնալ այն ասեկոսեներին, այն խոսակցություններին, որ վերջին շրջանում պտտվում են որոշ քաղաքական շրջանակներում, թե իբրեւ ես վերջնագիր եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Բոլորիդ է հայտնի, որ ես երբեք որեւէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ` իմ գործընկերների հետ: Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օրինաչափ է, եւ հակառակը ենթադրել` ընդհանրապես անտրամաբանական է»:

«Մեր ընդդիմախոսներին հիմնականում կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին խմբում մեր երկրի ու ժողովրդի բախտով անկեղծորեն մտահոգ անհատներ են, որոնք բարձրացնում են հարցեր, երբեմն՝ շատ սուր», - ասաց Սերժ Սարգսյանը: - «Երկրորդ խմբում մարդիկ են, ովքեր Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում են միմիայն իշխանափոխության մեջ: Նրանք ասում են. հենց որ Սերժ Սարգսյանի փոխարեն մենք լինենք հանրապետության ղեկին, ամեն ինչ լավ կլինի: Քանի դեռ նա է, ամեն ինչ վատ է եւ վատ է լինելու»:

«Այս պարզունակ բանաձեւն արդեն տարիներ շարունակ թմբկահարվում է: Երկրի նախագահին բոլոր դժբախտությունների պատճառ հռչակելը, ինչպես նաեւ բոլոր խնդիրները հեշտ ու արագ, մի հարվածով լուծելու խոստումը, համոզված եմ, սպառել են իրենց», - շարունակեց նախագահը: - «Ասելիքի բացակայությունը մի կողմից, «ամեն ինչ վատ է» սկզբունքը մյուս կողմից, հանգեցրին նրան, որ Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնությունը հռչակվեց ոչ ավել, ոչ պակաս, քան «ռասիզմ»: Եթե պետք է ցեխ շպրտել Հանրապետական կուսակցության վրա, իսկ հանրապետականները տալիս են Նժդեհի անունը, ուրեմն պետք է անպայման ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի երեսին: Ա՛յ այսպիսի պարզունակ եւ, ինչ ասեմ, եթե կարելի է ասել` «տրամաբանական շղթա»: Բայց մենք Հովհաննես Թումանյանի անու՛նն էլ ենք տալիս... Նաեւ շատ ու շատ մեր մյուս մեծերի անուններն էլ ենք տալիս: Մենք այսուհետ ե՛ւս շարունակելու ենք հետեւել հայոց մեծերին»:

«Երրորդ խումբը, որ բարեբախտաբար փոքրաթիվ է, ինքն է իրեն ընդդիմախոս հայտարարել: Չգիտեմ՝ ակամա, թե գիտակցաբար, նրանք իրականացնում են հայ ժողովրդին, հայոց պետականությունը եւ հատկապես հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր», - ասաց նախագահը:

Ըստ Սերժ Սարգսյանի, ժողովրդավարության խորացումը եւ եվրոպական չափանիշների ավելի արմատական ներդրումը առաջին հերթին պետք են Հայաստանին եւ ոչ թե Եվրոպային:

«Եվրոպական տիպի ժողովրդավարությունն ու օրինականությունը մեր հասարակության պահանջն են», - ընդգծեց նախագահը` հավելելով. - «Այստեղ չպետք է տեսնել հակասություն այն իրողության հետ, որ Հայաստանը ԱՊՀ-ի անդամ է, ՀԱՊԿ-ի անդամ է եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանի Դաշնության հետ մեր բազմակողմանի եւ սերտ, ես կասեի, շատ դեպքերում օրինակելի համագործակցությունը չի կարող հակասության մեջ լինել այն արժեքների հետ, որ հռչակում է նաեւ ինքը՝ Ռուսաստանը»:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ Ղարաբաղյան խնդրի մասին` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը հայտնի է:

«Մեր խնդիրը պատերազմում հաղթելը չէ, մենք դա արդեն արել ենք: Մեր խնդիրը արդարացի լուծում գտնելն է, որին հասնելու ճանապարհի հարցում միակարծիք են եւ այդ մասին հստակ հայտարարել են թե՛ Հայաստանը, թե՛ խնդրի կարգավորման հետ առնչություն ունեցող տերությունները եւ թե՛ միջազգային ամենահայտնի կազմակերպությունները»,- ասաց Հայաստանի նախագահը եւ ավելացրեց. - « Վերջին մի քանի ամիսների ընթացքում կարեւորագույն բոլոր հարթակներում եւ խնդրի հետ կապ ունեցող բոլոր կողմերին հրապարակավ ներկայացվել է այն եզրագիծը, որից այն կողմ մենք բանակցելու տեղ չունենք»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG