Մատչելիության հղումներ

logo-print

«Իլինգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ամբողջ հայ համայնքի ձեռքբերումն է»


Տեսարան Լոնդոնից

Տեսարան Լոնդոնից

Կարեւոր է, որ Լոնդոնի Իլինգ թաղամասի ավագանու խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարվի ձեռքբերում ամբողջ հայ համայնքի համար, «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդի հայազգի անդամ Արա Իսկանդերյանը:

Հարցին, թե Իլինգի ավագանու խորհրդի որոշումը ի՞նչ կարեւորություն կարող է ունենալ բրիտանական այլ կառույցներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համար, Իսկանդերյանը պատասխանեց, թե հետագա հետեւանքներն ու քայլերը իր նպատակներից դուրս են, եւ ինքը չի կարող պատասխանատվություն կրել այլ նախաձեռնությունների համար:

Իսկանդերյանի առաջարկով դեկտեմբերի 14-ին Իլինգը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու թույլատրեց հուշագիր տեղադրել այս գարնանը ցեղասպանության զոհերի հիշատակին Լոնդոնի այս թաղամասում տնկված ծիրանենու մոտ: Մինչ այժմ Մեծ Բրիտանիայում միայն Ուլեսի խորհրդարանն էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իսկանդերյանի առաջարկին կողմ էին քվեարկել մեծամասնություն կազմող լեյբորիստներն ու 5 ներկայացուցիչ ունեցող լիբերալ դեմոկրատները: Խորհրդում 24 անդամ ունեցող Պահպանողական կուսակցության անդամները առաջարկել էին խմբագրել հուշագիրը, սակայն նախաձեռնության հեղինակները չէին համաձայնել, եւ արդյունքում պահպանողականները դեմ էին քվեարկել:

Արա Իսկանդերյանը չցանկացավ նշել պահպանողականների առաջարկի բովանդակությունը, բայց կարեւորեց, որ նրանք, փոքրամասնություն լինելով, չէին կարող տապալել քվեարկությունը:

Իլինգը Լոնդոնի արեւմտյան թաղամասերից է, որտեղ մոտ 15 հազար հայ է բնակվում, եւ Իսկանդերյանը համարում է, որ հաստատվել է հայկական համայնքի իրավունքը` պաշտոնապես եւ բացահայտորեն հիշելու ցեղասպանության զոհերին:

«Թուրքական համայնքի կողմից դեռեւս որեւէ արձագանք չի եղել: Հնարավոր է, որ դեռ առաջին օրերն են, եւ գուցե արձագանքը լինի ավելի ուշ: Բայց ես ուզում եմ շեշտել, որ սա քաղաքական քայլ չէր ու նպատակ չուներ խնդիրներ առաջացնել Բրիտանիայի հայերի ու թուրքերի միջեւ: Եվ ես ուզում եմ հուսալ, որ այս համայնքում, որտեղ բավական հայեր կան, մեր միջնորդությունն ու խորհրդի որոշումը ճիշտ կընկալվի», - ասաց Իսկանդերյանը:

Երիտասարդ հայ գործիչը կարեւորում է, որ այս քայլը համարվի ձեռքբերում ամբողջ հայ համայնքի համար ու չվերագրվի որեւէ հայկական կազմակերպության կամ կուսակցության, ինչը, նրա խոսքով, ոմանք փորձում են անել:

«Որեւէ տեղ, ուր հայեր կան աշխարհում, կան կազմակերպություններ, որոնք փորձում են ներկայանալ ամբողջ համայնքի անունից: Շատ կարեւոր է հիշել, որ սա արվել է` հարգելու ամբողջ համայնքի հիշողությունն ու պատմությունը: Եվ իհարկե, պետք չէ մոռանալ, որ սա Լեյբորիստական կուսակցության նախաձեռնությունն էր», - ընդգծեց Իսկանդերյանը:

Հունվարի 28-ը Մեծ Բրիտանիայում նշվում է որպես Հոլոքոսթի հիշատակության օր: Հենց այդ օրը Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկված ծիրանենու մոտ նախատեսվում է տեղադրել հուշագիրը:

Արա Իսկանդերյանի խոսքով` ավելի ուշ իրենք նախատեսում են հայ համայնքի անունից շնորհակալական նվեր մատուցել Իլինգ թաղամասին: Ամենայն հավանականությամբ, դա կլինի փայտե նստարան` շնորհակալական գրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG