Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության պատվիրակությունը


Երեւանում է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերիի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Պատվիրակության հետ հանդիպման ժամանակ կարեւորելով պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմական կրթության, խաղաղապահության, ականազերծման եւ պաշտպանության այլ ոլորտներում հայ - ամերիկյան համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այն Հայաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության կարեւոր ուղղություններից է:

Բարձր գնահատելով միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը եւ Միացյալ Նահանգների հետ արդյունավետ համագործակցությունը` դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերին, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշել է, որ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը եւ ընդլայնել դրա շրջանակները:

Դեր ծովակալ Մոնտգոմերին այցելել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության Խաղաղապահ բրիգադը, որտեղ նրան ներկայացվել են բրիգադի կարողությունները, խնդիրները եւ միջազգային առաքելություններում անցած ուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG