Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը ընտրվեց Երեւանի քաղաքապետ


Կարեն Կարապետյանը քաղաքապետի ընտրությունների ժամանակ, Երեւան, 17-ը դեկտեմբերի, 2010թ.

Կարեն Կարապետյանը քաղաքապետի ընտրությունների ժամանակ, Երեւան, 17-ը դեկտեմբերի, 2010թ.

Երեւանի ավագանին ուրբաթ օրը մայրաքաղաքի քաղաքապետ ընտրեց (50 կողմ եւ 1 դեմ) «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանին:

Ավագանում ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունների 51 անդամները մասնակցեցին քվեարկությանը: Ավագանու անդամներից նիստին ներկա չէր միայն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

52-հոգանոց ավագանում Հանրապետական կուսակցությունը ունի 35, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 17 տեղ:

Կարեն Կարապետյանը ընտրության արդյունքների հրապարակումից հետո նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` վստահության համար:

Նորընտիր քաղաքապետը ասաց, թե «պետք է ներմուծել մունիցիպալ նոր մշակույթ», որից «գոհ կլինեն ե'ւ քաղաքի բնակիչները, ե'ւ Երեւանի հյուրերը»:

Նորընտիր քաղաքապետը ասաց, որ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների «կադրային ջարդ» չի լինելու». - «Բայց լինելու են խաղի կանոններ եւ լինելու են պահանջներ կառավարիչների նկատմամբ: Ովքեր որ այդ պահանջներին բավարարելու են` մնալու են: Ովքեր ոչ` գնալու են»:

Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին վերաբերող` լրագրողների հարցին Կարապետյանը պատասխանեց. - «Ճիշտն ասած, Գագիկ Բեգլարյանին համարում եմ, որ ինքը բավականին հաջողակ քայլեր է արել: Երեւի յուրաքանչյուր քաղաքապետ, որ գալիս է, նախկին քաղաքապետի ծրագրերը, որ հաստատված են, ավագանով անցած են, շարունակելու է»:

Կարեն Կարապետյանը, ի տարբերություն նախկին քաղաքապետի, իշխող ՀՀԿ-ի անդամ չէ:

«Ես անկուսակցական եմ: Համակրում եմ Հանրապետական կուսակցությանը: Որոշում, որ կհամալրեմ [ՀՀԿ-ի շարքերը] չունեմ», - հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե որ պաշտոնն է ավելի հոգեհարազատ համարում` «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենինը՞, թե՞ Երեւանի քաղաքապետինը, Կարապետյանը արձագանքեց. - «Պարզ է, որ ես «ՀայՌուսգազարդ»-ը շատ եմ սիրում եւ համարում եմ մեր երկրի լավագույն ընկերություններից մեկը: Բայց երեւի յուրաքանչյուր կառավարիչ ժամանակ առ ժամանակ կարիք ունի ոլորտը փոխելու, թարմ աչքով նայելու»:

Կարապետյանը նաեւ հաստատեց, որ «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեին պաշտոնում իրեն փոխարինելու է ընկերության տնօրենի կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով տեղակալ Վարդան Հարությունյանը:

Ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ առաջիկայում Վարդան Հարությունյանը տնօրենների խորհրդի որոշմամբ կնշանակվի «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն:

Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետի լիազությունները կստանձնի դեկտեմբերի 20-ին:


Քաղաքական ուժերի ներկայացուցիչները` նոր քաղաքապետի մասին


Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նորընտիր քաղաքապետին որակեց «լավ մենեջեր, բայց ո'չ քաղաքական գործիչ»:

«Քանի որ Երեւանի քաղաքապետարանը կամ ավագանին ձեւավորվում է քաղաքական հենքի վրա, այս դեպքում ես ձեռնպահ կմնամ հիմա նրա քաղաքական մոտեցումները գնահատելուց», - նշեց Մինասյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը («Ժառանգություն») ասաց, որ իրենք նոր քաղաքապետից ակնկալում են, որ նա «վերջ դնի կոռուպցիային եւ վերջապես քաղաքապետարանի որոշումները համապատասխանեն Սահմանադրությանն ու օրենքներին»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, մինչդեռ, նոր քաղաքապետի «նշանակումից» դրական ակնկալիքներ չունի:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե «ինչպես Բեգլարյանը, այնպես էլ Կարապետյանը քաղաքապետ են դարձել կեղծված ընտրությունների արդյունքում»:

«Բնականաբար, ո'չ չընտրված Գագիկ Բեգլարյանին, ո'չ էլ չընտրված Կարեն Կարապետյանին մենք չենք դիտարկում որպես ժողովրդի կողմից ընտրված իշխանություն», - հավելեց ընդդիմադիր գործիչը:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհուրդը հինգշաբթի երեկոյան կայացած նիստում կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ միաձայն որոշել էր Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի թեկնածությունը։

Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել դեկտեմբերի 8-ին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG