Մատչելիության հղումներ

Ռասիզմը ստվեր է նետում 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա


Շվեյցարիա - Ռուսաստանյան պատվիրակությունը 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու ՖԻՖԱ-ի որոշումից հետո, Ցյուրիխ, 2-ը դեկտեմբերի, 2010թ.
Շվեյցարիա - Ռուսաստանյան պատվիրակությունը 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու ՖԻՖԱ-ի որոշումից հետո, Ցյուրիխ, 2-ը դեկտեմբերի, 2010թ.
Ռուսաստանում վերջին օրերին ազգայնականների եւ ֆուտբոլային խուլիգանների գրոհների թիրախ են դարձել կովկասցիներն ու ասիացիները, տեղի են ունեցել բախումներ։ Կան տասնյակ վիրավորներ, շուրջ 1700 մարդ ձերբակալվել է, նրանցից մոտ 1300-ը` միայն մայրաքաղաք Մոսկվայում։

Այս իրադարձությունները ցնցել են ռուսաստանցիներին, ովքեր դեկտեմբերին 2-ին ազգովի տոնում էին 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը իրենց երկրում անցկացնելու ՖԻՖԱ-ի վճիռը։

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Մոսկվայում սպանվել է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երիտասարդ երկրպագու Եգոր Սվիրիդովը։ Անցած շաբաթ օրը` դեկտեմբերի 11-ին հազարավոր մարդիկ հավաքվել են Մոսկվայի կենտրոնում, նախապես հայտարարվել էր, թե նրանք հարգանքի տուրք են մատուցելու սպանված ֆուտբոլասերի հիշատակին, սական որոշ ժամանակ անց հնչել է «Ռուսաստանը` ռուսներին» ազգայնական կարգախոսը, սկսվել են զանգվածային անկարգություններ։

Այս ամենի համատեքստում նորից քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե արդյո՞ք երկիրը պատրաստ է անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, չէ՞ որ դեռ նախքան ՖԻՖԱ-ի որոշումը շարքային մարդիկ, քաղաքական գործիչներն ու մեկնաբանները բազմիցս են ահազանգել Ռուսաստանում ռասայական խտրականության, այլազգիների նկատմամբ ատելության մասին։

Այդ մասին է «Ազատություն» ռադիոկայանին ասել նաեւ ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թեման հետաքննող ՍՈՎԱ իրավապաշտպան կենտրոնի փորձագետ Գալինա Կոժեւնիկովան, որի խոսքերով` աշխարհի առաջնության անցկացման հարցերով զբաղվող մարդիկ բավական աղոտ պատկերացում ունեն այդ ամենի մասին։

«Ակնհայտ է, որ պաշտոնյաները պայմանավորվում են ֆուտբոլասերների կազմակերպությունների հետ, սակայն խնդիրն այն է, որ այդ կազմակերպությունները չեն վերահսկում ֆուտբոլասերներին», - ասել է փորձագետը։

Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ այլազգիների նկատմամբ ատելության կոչերը խիստ վտանգավոր են պետության համար, եւ իրավապահներին կոչ է արել ամենայն խստությամբ կասեցնել նման արարքները։

«Սպորտ Էքսպրես» պարբերականի խմբագիր Վլադիմիր Գեսկինի խոսքերով` մինչեւ աշխարհի առաջնությունը մնացել է 8 տարի, այս ընթացքում հարկ է ամեն բան անել ծայրահեղականներին չեզոքացնելու, նրանց մուտքը մարզադաշտեր արգելելու, մեղավորներին պատժելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG