Մատչելիության հղումներ

Ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան, 2010 թվականին Կաննի կինոփառատոնին Ոսկե արմավենու արժանացած Սերժ Ավետիքյանը կմարմնավորի Սերգեյ Փարաջանովին նույնանուն ֆիլմում` հանդես գալով նաեւ որպես համառեժիսոր:

Մի քանի օրից Ավետիքյանը կժամանի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ, որտեղ ընթանում են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները: Ֆիլմի ստեղծագործական խումբը բազմազգ է` համառեժիսորներ են Օլենա Ֆետիսովան Ուկրաինայից, Ռոման Բալայանը, Սերժ Ավետիքյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ֆիլմի պրոդյուսեր եւ ռեժիսոր Օլենա Ֆետիսովան պատմեց, որ ֆիլմի ստեղծման գործընթացում այժմ բավական վճռական պահ է, քանի որ երկար փնտրտուքներից հետո վերջապես որոշվել է, թե ով է մարմնավորելու Փարաջանովին: Մինչ այդ շատերին են փորձել, սակայն ռեժիսորն ասում է` ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն դերասանին, որ իրոք կարողանար խորապես զգալ Փարաջանովին: Այն, որ Ավետիքյանն անձամբ ճանաչել է Փարաջանովին,
Սերժ Ավետիքյան
մեծ դեր է խաղացել ընտրության հարցում:

«Ինչու Սերժ Ավետիքյանը` քանի որ նա շատ նուրբ դերասան է, շատ տաղանդավոր ռեժիսոր` գաղտնիք չէ, որ Կաննի փառատոնին կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում Ոսկե արմավենու է արժանացել: Նաեւ Ավետիքյանը անձամբ ճանաչել է Փարաջանովին, նրանք շփվել են Թբիլիսիում, ինչքան հիշում եմ` 1987 թվականին. դա նույնպես մեծ նշանակություն ունի: Բացի այդ, Սերժ Ավետիքյանը աստվածացնում է Փարաջանովին, ինչպես եւ բոլորս. այս ֆիլմը կարող են ստեղծել միայն այնպիսի մարդիկ, որոնք ինքնամոռաց սիրում են Փարաջանովին», - ասաց Ֆետիսովան:

Օլենա Ֆետիսովան ասում է, որ չնայած արդեն իսկ Փարաջանովի կյանքը` այդքան բարդ, դրամատիկ ու հակասական, պատրաստի սցենար է, սակայն այն թղթին հանձնելը շատ բարդ է եղել, այդ իսկ պատճառով, թեեւ ֆիլմի աշխատանքները սկսել են երկու տարի առաջ, դեռ վերջնական սցենար չկա: Այժմ կա երեք տարբերակ եւ արդեն Սերժ Ավետիքյանի հետ կմշակվի մեկը, որի հիման վրա էլ կսկսեն նկարահանումները:

Ֆիլմը կենսագրական է լինելու, հիմնված Փարաջանովի կյանքի իրական փաստերի վրա, սակայն դա սոսկ Փարաջանովի կյանքի պատմությունը չէ, ընդգծում է ռեժիսորը: «Այս ֆիլմի ստեղծումը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ ռեժիսորին եւ ժամանակակցին, դա մի այնպիսի նյութ է, որի հիման վրա մենք կարող ենք պատմել ողջ մեր երկրի պատմությունը` ինչ ունեինք, ինչ ենք կորցրել եւ ինչին ենք ձգտում», - ասաց Ֆետիսովան:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` իսկ դժվար չէ՞ ֆիլմ նկարահանելը այդքան բազմազգ թիմով, նա արձագանքեց. - «Յուրաքանչյուր պրոդյուսեր կասի, որ այո, շատ դժվար է, քանի որ որքան համապրոդյուսերներ ունես` այնքան դժվար է, սակայն ինքը Փարաջանովի կյանքի պատմությունը, ֆիլմի պատմությունը թելադրում է անհրաժեշտ համագործակցություն այդ երկրների հետ, քանի որ ինքը Փարաջանովն իր կյանքում միավորել է այդ երկրները, եւ մենք մեր աշխատանքում եւս պետք է դա անենք: Մեր նկարահանումները կանցնեն Վրաստանում, Հայաստանում, վերջին դրվագը նկարահանվելու է Նիդերլանդներում, Կիեւում անցնելու է նկարահանումների մեծ մասը, գլխավոր դերակատարը ֆրանսիացի է ... Այդ պատճառով, աշխատանքի նման սխեմա հենց ֆիլմն է թելադրում»:

Ծրագրվում է ֆիլմն ավարտել 2014 թվականի հունվարին: Հեղինակները այն ցանկանում են նվիրել Փարաջանովի 90-ամյակին:

«Քանի որ ֆիլմը ցանկանում ենք նվիրել Փարաջանովի 90-ամյակին, որը նշվելու է 2014 թվականին, կցանկանայինք ֆիլմի պրեմիերան անել Ռոտերդամում: Համարձակ ծրագրեր են, բայց մենք ձգտում ենք դրան», - ասաց Օլենա Ֆետիսովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG