Մատչելիության հղումներ

Իսպանիայի արտգործնախարարը 2011-ի առաջին կեսին կայցելի Հայաստան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Երեւան այցելելու հրավերը Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տրինիդադ Խիմենեսը ընդունել է երեկ Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը նշել է, որ իր այցելության հիմնական նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, որոնք ունեն չօգտագործված մեծ ներուժ: «Այս տարի Մադրիդում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնումը Իսպանիայի հետ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման Հայաստանի ցանկության վկայությունն է», - ասել է նա:

Քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցության սերտացման հնարավորությունը, միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նալբանդյանը եւ Խիմենեսը համակարծիք էին, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների առկայությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Այդ առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել Օդային հաղորդակցության մասին համաձայնագիր եւ քաջալերել երկու երկրների ավիափոխադրողներին օդային կապ հաստատելու ուղղությամբ:

Հանդիպումից առաջ նախարարները ստորագրել են Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիրը:

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է Իսպանիայի խորհրդարան, ուր հանդիպել է տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ, իսկ երեկոյան Մադրիդում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել իսպանահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG