Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 17-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ում «Ով ալեկոծեց ճահիճը» վերնագրված հոդվածի հեղինակը հարցնում է. «Օրինակ, ի՞նչ ընդհանուր տրամաբանություն կարելի է գտնել Գագիկ Բեգլարյանի եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի պաշտոնանկությունների մեջ», ապա իր իսկ հարցին պատասխանում. - «Բեգլարյանի պարագայում ասացին, թե խուլիգանական արարք է թույլ տվել, իսկ Ներսես Երիցյա՞նը: Կա՞ տրամաբանություն: Չկա: Եթե Ներսես Երիցյանին պաշտոնանկ են անում մեր տնտեսության ներկա վիճակի համար, ապա նշենք, որ էկոնոմիկայի նախարարը ի պաշտոնե թերեւս միակն է, որը գրեթե չի զբաղվում ընթացիկ հարցերով, եւ նրա հիմնական խնդիրը երկարատեւ ռազմավարություններ ու ծրագրեր մշակելն ու առաջարկելն է: Այս տեսանկյունից Ներսես Երիցյանը թերեւս լավագույն էկոնոմիկայի նախարարն էր` ինչ ծրագիր ու ռազմավարություն ասես չի մշակել` Գյումրին նավահանգիստ դարձնելուց սկսած մինչեւ գոմեշի մսի ներկրում: Իհարկե, դրանք զավեշտալի են, բայց ներկայիս տնտեսական իրավիճակի համար ամենամեծ մեղավորը Տիգրան Սարգսյանն է: Բայց վերջինիս պաշտոնանկության մասին, գոնե առայժմ, լուրեր չեն շրջանառվում»:

Կադրային փոփոխություններին է անդրադառնում նաեւ «Ժամանակ» օրաթերթը. - «Հայաստանի նորագույն պատմության շրջանը գերհարուստ է եղել անակնկալ, աղմկոտ կադրային փոփոխություններով, որոնցից, սակայն, պետության որակը, քաղաքացիների կյանքը կարծես թե առանձնապես մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ հիմնական պատճառ հանդիսանում են համակարգային արատները: Երբ համակարգն ինքը արատավոր է, ապա այդ արատավոր շրջանի ներսում կայացվող այս կամ այն որոշումները, գծվող այս կամ այն լուծումները չեն կարող դրական ազդեցություն ունենալ ընդհանուր մթնոլորտի վրա»:

«Հայոց Աշխարհ» թերթն արդեն իսկ նախանշում է խնդիրների այն շրջանակը, որոնցով պետք է զբաղվի նոր քաղաքապետը. - «Երեւանում, հատկապես վերջին տարիներին, չափազանց շատ է աղմուկը, ահավոր բարձր է օդի փոշոտվածության աստիճանը, անտանելի աղտոտված է շրջակայքը, մանավանդ քաղաքի ոչ կենտրոնական թաղամասերում։ Պետք չէ էկոլոգ կամ սանիտարական ծառայության փորձագետ լինել՝ այդ ամենը նկատելու համար։ Չենք հավակնում նախանշելու վերջնական լուծումներ, սակայն, կարծում ենք, որ Երեւանի քաղաքապետը, հասկանալի է՝ ավագանու հետ, պետք է արագորեն զբաղվի այդ տհաճ երեւույթները եթե ոչ արմատախիլ անելու, ապա առնվազն դրանց առկայությունը հնարավորինս չեզոքացնելու գործով»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. -«Հեռուստահաճախականությունների մրցույթի արդյունքները իսկապես ցնցող էին: Ոչ այն իմաստով, իհարկե, որ «Ա1+»-ին եթեր չտրամադրեցին. դրանում որեւէ մեկը չէր էլ կասկածում: Ցնցող էր այն ցինիզմը, որով իշխանություններն արեցին դա: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 8 անդամներից 7-ը «Արմնյուզին» գնահատեցին 6, «Ա1+»-ին` 0: Իշխանությունները գիտեին, որ միջազգային «աղմուկ-աղաղակը» գալու է հիմնականում Եվրոպայից, դրա համար էլ դեմ էին տվել «Եվրոնյուզի» հաղորդումները վերահեռարձակողին` իբր տեսեք, եվրոպական արժեքները քարոզողին թողնում ենք եթերում, էլ ի՞նչ եք ուզում: Բայց հարց է ծագում. եթե այս օպերացիային այսքան խնամքով էին նախապատրաստվել, ինչո՞ւ վերջում ամեն ինչ «կացնային ձեւով» արվեց… Իսկ պատճառը, կարծում ենք, հետեւյալն է: Սերժ Սարգսյանն իր այդ պահվածքով փորձել է ցույց տալ, որ «փաթաթած ունի» միջազգային կառույցների գնահատականները եւ այնքան ինքնավստահ է, որ կարող է դեմոնստրատիվ կերպով արհամարհել միջազգային հանրությանը»:

«Հրապարակ»-ի խմբագրականը, անդրադառնալով ՀՌԱՀ-ի փոփոխված կազմին, մասնավորեցնում է. - «Միայն կարեկցել կարելի է այդ թիմում հայտնված անձանց` Արմեն Մկրտչյանին, որը ժամանակին ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ էր, բողոքի ակցիաներին մասնակցելու համար ապօրինաբար տուգանվել էր եւ դիմել դատարան: Ապա եռաստիճան դատական համակարգով անցնելուց հետո Եվրադատարանում հաղթանակ տարավ: Ժիրայր Դադասյանին, որը հայտնի ռեժիսոր է, «Հայրենիք» հեռուստաընկերությունը դիտարժան դարձնելու հեղինակը: Այս անձինք` իրենց դեմքով ու անձով շիրմա ծառայեցին այն ուժերի համար, ովքեր սահմանափակում են ազատ խոսքն ու վախենում են անկառավարելի լրատվամիջոցներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG