Մատչելիության հղումներ

Նախագահի խոսնակը հաստատում է, որ կառավարության կազմում փոփոխություններ են լինելու


Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը չորեքշաբթի երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ առաջիկայում կառավարության կազմում լինելու են կադրային փոփոխություններ:

Նախագահի խոսնակը նշեց, որ առայժմ չի կարող կոնկրետ անուններ հրապարակել` հավելելով, որ այդ փոփոխությունների մասին հանրությանը կտեղեկացնեն «պատշաճ կերպով եւ ճիշտ ժամանակին»:

Ինտերնետային մի շարք լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, թե պաշտոնանկ են արվելու էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Ըստ նույն աղբյուրների` Ներսես Երիցյանի փոխարեն արդեն նշանակվել է Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, իսկ վերջինիս կփոխարինի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

Այսօր ավելի վաղ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշել էր, որ հարցը երեկոյան քննարկվելու է ՀՀԿ-ի խորհրդի նիստում, որը վարելու է նախագահ Սերժ Սարգսյանը:

Իշխող կուսակցության խորհուրդը այսօր քննարկելու է նաեւ Երեւանի քաղաքապետի թեկնածուի հարցը: Ըստ մամուլի հրապարակումների, մինչդեռ, այդ հարցի շուրջ որոշումն արդեն կայացվել է, եւ առաջադրվելու է «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Գալուստ Սահակյանը, անդրադառնալով նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ նախագահի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ իրենք դրա «բացահայտմանը չեն գնալու» եւ «ոչ էլ նման խնդիր կա դրված», քանի որ Գագիկ Բեգլարյանը «նուրբ քաղաքական որոշում կայացրեց ու այդ միջադեպից հետո հրաժարական տվեց»:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ նախկին քաղաքապետը քրեական հետապնդման չի ենթարկվելու, Սահականը արձագանքեց. - «Քաղաքական որոշումները երբեմն ավելի բարձր են, քան քրեական հետապնդումները»:

«Բողոքող կողմ չկա, եւ որեւէ մեկն էլ չգիտի, թե վերջնականապես ինչ է կատարվել», - հավելեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG