Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի չորրորդ օրը խորհրդարան - կառավարություն բանակցությունների արդյունքում գործադիրը համաձայնեց փոքր զիջումների գնալ:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնել է նստաշրջանի օրակարգից հանել 5 օրենսդրական փաթեթներում ընդգրկված 24 նախագծերը:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ սա նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը առաջարկի արդյունքն է, ինչի համար վերջինս շնորհակալություն հայտնեց ու ավելացրեց. - «Իհարկե, մեր կառավարությունը ավելի հեշտ է զիջումների գնում թուրքերի հետ բանակցություններում, քան, ասենք, սեփական ժողովրդի եւ Ազգային ժողովի, բայց…»:

Վահան Հովհաննիսյանի այս խոսքերին ի պատասխան դահլիճից մի քանի պատգամավոր վրդովված ռեպլիկներ հնչեցրին (մասնավորապես ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը), ինչին ի պատասխան Վահան Հովհաննիսյանն արձագանքեց. - «Վրես չգոռաս դու, սա իմ կարծիքն է, եթե ինչ-որ մարդկանց դուր չի գալիս, կարող են դուրս գալ»:

Այսքանով կրքերը մասամբ հանդարտվեցին, սակայն իրավիճակից դժգոհ այլ պատգամավորներ կային: Մի մասը դժգոհ էր, որ սպասվածից երկար քննարկումների պատճառով ստիպված են հաջորդ շաբաթ էլ աշխատել, «Ժառանգություն» խմբակցությունը դժգոհ էր, որ արտահերթ նստաշրջանի օրակարգում դեռևս մնացել են հանրության համար կարեւոր նշանակություն ունեցող օրինագծեր:

ՀՅԴ-ն էլ թեեւ համարում է, որ զիջումների գնալու մասին կառավարության որոշումը մեծ նվաճում է, սակայն լիովին բավարարված չէ:

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ ընդդիմության այս պայքարն ու արդյունքները լավագույն օրինակն են, թե ինչպես է հնարավոր փոխըմբռնման մթնոլորտում առանց թշնամանքի հասնել հաջողության:

«Իհարկե, եղան մարդիկ, որոնք չհասկացան այս պայքարի իմաստը, ասենք, օրինակ, մեր ընդդիմադիր կոլեգաները «Ժառանգություն» խմբակցությունից սկսեցին մեզ մեղադրել, թե մենք ամբողջ դաշտը թողել ենք իշխանությանը, որ մենք ճիշտ չենք անում, այս բոյկոտը նրանք չեն ընդունում, բայց արդյունքում մենք հաղթեցինք, իսկ անպտուղ ելույթները, որ մենք այս քանի օրը լսում ենք նաեւ մեր ընդդիմադիր կոլեգաներից, ոչ մի ուրիշ բան չեն անում, բացի լեգիտիմացնելուց այն ամենը, ինչի դեմ մենք պայքարում էինք», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 13-ին «ժառանգություն»-ը չմիացավ ՀՅԴ-ի բոյկոտին: Խմբակցությունը որդեգրել էր 20 րոպե ընդմիջումներ վերցնելու մարտավարությունը: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը իր հերթին հայտարարեց, որ Վահան Հովհաննիսյանը «ոչ միայն իրավունք չունի, այլ նաեւ անարդար է «Ժառանգությանը» քննադատելու մեջ մի բանում, որի հետ կապված նախնական պայմանավորվածություններ չեն եղել»:

«Ժառանգության» անդամները կարծում են, որ բոյկոտը պայքարի անարդյունավետ միջոց է:

«ՀՅԴ-ն 10 տարի շարունակ եղել կոալիցիայի անդամ, եւ կարծում եմ, այս առումով որպես մեծ փորձառություն ունեցող քաղաքական ուժ հրաշալի գիտի, թե ինչ արժեք ունի ընդդիմության բոյկոտը, եւ արդյո՞ք իշխանությունը վախենում է այդ բոյկոտից: Պարոն Հովհաննիսյանի աչքի առջեւ Ազգային ժողովում շատ ավելի պատկառելի ներկայություն ունեցող «Արդարություն» դաշինքը, ոչ թե մեկ նիստ, այլ մեկ ամբողջ տարի էր բոյկոտել Ազգային ժողովի աշխատանքները», - ասաց Սաֆարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միջեւ կան լուրջ տարաձայնություններ, Սաֆարյանը պատասխանեց. - «Գաղափարական, տակտիկական մոտեցումների հարցերում տարաձայնություններ, իհարկե, կան, դրանք միշտ եղել են: Մենք երբեւիցե խնդիր չենք դարձրել, թե ինչու Դաշանակցությունը ողջունեց Աստանայի հայտարարությունը, Սահմանադրական դատարանի որոշումը: Մենք նորմալ ենք գնահատել դա եւ չենք քննադատել իրենց, եթե մեզանից տարբերվող մարտավարություն ու ռազմավարություն են ունեցել: Եթե այդպես լինի, ապա ամեն օր պիտի միմյանց պախարակենք, բայց ես չեմ կարծում, որ հիմնական մրցակցիդ՝ իշխանությանը թողած պետք է զբաղվես ընդդիմադիր գործընկերներիդ քննադատելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG