Մատչելիության հղումներ

Դաշնակցության գլխավոր խնդիրը ազգային հարցերի շուրջ ժողովրդի միասնականության ապահովումն է


Հայաստան – Նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Դաշնակցության 120-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ,13-ը դեկտեմբերի 2010թ.
Հայաստան – Նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Դաշնակցության 120-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ,13-ը դեկտեմբերի 2010թ.
Հայ հեղափոխական դաշնակցության 120-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն իր անհամաձայնությունն է հայտնել իշխանությունների հասցեին Դաշնակցության հնչեցրած քննադատությանը:

Երկուշաբթի օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայ հեղափոխական դաշնակցության 120 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՅԴ-ի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանություններին: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ ժողովրդավարության փոխարեն Հայաստանում ամրապնդվել է փողի իշխանություն, ազատ մրցակցային տնտեսության փոխարեն` մենաշնորհային տնտեսություն, ժողովուրդը օտարվել է պետությունից եւ մարդիկ արտագաղթում են: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծեց, որ Արմեն Ռուստամյանը այդ ելույթով վերահաստատել է Դաշնակցության տեսակետները, որոնք կուսակցությունը հնչեցրել է նաեւ այն ժամանակ, երբ իշխանական կոալիցիայի մաս էր կազմում:

«Ես վստահ եմ, որ նախագահն էլ, որ գալիս էր այդ միջոցառմանը, գիտեր թե ինչ պետք է լսի: Չէր գալիս, որ գովաբանական խոսքեր լսի: Եվ Արմեն Ռուստամյանի խոսքը, իբրեւ սկզբունքային խոսք, համարձակ խոսք, ես նույնպես գնահատում եմ», - նշեց Հրանտ Մարգարյանը` հավելելով, թե բնական է համարում նաեւ նախագահի արձագանքը այդ քննադատությանը. - «Այս պահին համաձայն չեմ, այստեղ արդար չեք… այս տեսակ արտահայտություններ եղան իր կողմից, որը նույնպես համարում եմ բնական»:

Հակադարձելով մամուլում հնչող այն տեսակետներին, թե Սերժ Սարգսյանի մասնակցությունը այդ միջոցառմանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Դաշնակցությունն այնքան էլ ընդդիմադիր կուսակցություն չէ, Հրանտ Մարգարյանն ընդգծեց, թե դրական է գնահատում այն հանգամանքը, որ առաջին անգամ երկրի ղեկավարը մասնակցում է Դաշնակցության օրվան նվիրված միջոցառմանը: Սերժ Սարգսյանի մասնակցությունը, Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցչի կարծիքով, ճիշտ վերաբերմունք էր, քանի որ որքան էլ մոտեցումների տարբերություններ լինեն, հայրենիքի եւ ժողովրդի շահը հաշվի առնելով, պետք է միմյանց հանդուրժել ու նաեւ կարեւորագույն խնդիրների շուրջ համագործակցել:

«Այն, ինչ որ մենք այսօր կկորցնենք, հետո էլ չենք կարող տեղը լրացնել: Ուրեմն մենք պարտավոր ենք այս ընթացքում իրար հանդուրժել, հարգել միմյանց: Պարտավոր ենք նաեւ, արտաքին հարցերի առումով առնվազն համագործակցել», - նշեց Հրանտ Մարգարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով Երեւանի քաղաքապետի հրաժարականի շուրջ ծավալված իրադարձություններին` Դաշնակցության ներկայացուցիչն ասաց, թե քանի որ բավականաչափ տեղեկատվություն չունի տեղի ունեցածի վերաբերյալ, այդ միջադեպի մասին չի ցանկանում խոսել, բայց իր համար սկզբունքային է մեկ այլ հարց. – «Եթե նախագահը ցուցաբերել է դրանով խստապահանջություն, որ ինքը սկսում է խիստ լինել նաեւ իր անմիջական շրջապատի նկատմամբ, դա կարելի է միայն ողջունել: Բայց դա պետք է լինի հետեւողական»:

Քանի որ այս տարի ՀՅԴ-ն նշում է հիմնադրման 120 ամյակը, Հրանտ Մարգարյանին խնդրեցինք նաեւ նշել, թե Հայաստանում հաստատվելուց հետո կուսակցությունը որն է համարում իր ամենամեծ ձեռքբերումը: Հրանտ Մարգարյանն ասաց, թե ամենակարեւորն այն է, որ Դաշնակացությունը Հայաստանում արդեն կայացած քաղաքական ուժ է:

«Այս 20 տարին մեզ համար շատ բարձր վեր ու վար ընթացք է ունեցել. հալածվել ենք, իշխանության մեջ ենք եղել, իշխանության գայթակղությունն ենք ունեցել: Այս ամենով հանդերձ` մենք այսօր կայացած քաղաքական կուսակցություն ենք, որ կարողանում ենք բաց ճակատով կանգնել ասպարեզում, նայել մեր ժողովրդի աչքերին: Սա ամենամեծ ձեռքբերումն է», - ասաց Հրանտ Մարգարյանը` հավելելով, որ առաջիկայում 120-ամյա պատմություն ունեցող Դաշնակցության գլխավոր խնդիրը ազգային հարցերի շուրջ ժողովրդի միասնականության ապահովումն է լինելու:

«Մենք պետք է Ղարաբաղի հարցով հասնենք վերջնական հաղթանակի: Եվ դրա համար, այո, պարտավոր ենք նաեւ որոշ բաներ զիջել, որպեսզի այդ միասնականությունը ստեղծվի: Այո, պայքարելով իրար հետ, մրցակցելով իրար հետ, բայց այդ հարցում` լինելով միասնական», - եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG