Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը քաղաքացիներին հնարավորություն է տվել ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը իրականացնել միայն այն ժամանակահատվածի համար, երբ տվյալ տրանսպորտային միջոցը շահագործվում է:

Ըստ այդմ, վարչապետի հանձնարարականով ոստիկանությանը համապատասխան փոփոխություններ է իրականացրել ավտոմեքենաների հաշվառման կարգում:

Կառավարության նախորդ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ոստիկանությանը տված հանձնարակականն ի սկզբանե վերաբերում էր գյուղացիներին, ովքեր, վարչապետի խոսքով, ավտոմեքենան շահագործում են տարվա մեջ ընդամենը մեկ-երկու ամիս:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հինգշաբթի օրը տեղեկացրեց, որ տրանսպորտային միջոցների հաշվառման կարգում փոփոխություններից գյուղացիներից բացի կարող են օգտվել բոլորը՝ ներառյալ Երեւանի բնակիչները ու թանկարժեք մեքենաներ ունեցողները:

Նշենք, որ տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար քաղաքացին պետք է վճարեր 5000 դրամ պետական տուրք, նույնքան էլ՝ այն նորից հաշվառման կանգնեցնելու համար:

«Մենք վերացրել ենք այս տուրքը, քաղաքացին կարող է նույնիսկ մեքենան չներկայացնել հաշվառման կետ, փաստաթղթերը ներկայացնել, համարանիշները հանձնել հաշվառման կետ՝ առանց 5000 դրամ մուծելու», - հայտարարեց Ալիկ Սարգսյանը:

Երբ ավտոմեքենայի սեփականատերը կորոշի շահագործել իր տրանսպորտային միջոցը, նույն կարգով, դարձյալ առանց պետտուրք վճարելու կարող է ավտոմեքենան հաշվառման կանգնեցնել:

«Եվ այս կարճ ժամանակահատվածը, ինչքան որ մեքենանան կգանգնի հաշվառման եւ կշահագործվի, [մեքենայի սեփականատերը] ապահովագրական ընկերությունների հետ կկապի պայմանագիր եւ կշահագործի: Մենք դրանով 60 տոկոսով կրճատում ենք այն գումարը, որ նա պետք է վճարեր ապահովագրական ծառայությանը: Գումարը մոտավորապես կկազմի 8-9 հազար դրամ՝ 30-ի [հազարի] փոխարեն»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքացիները հնարավորություն կունենան հաշվառումից հանված տրանսպորտային միջոցները հաշվառման կանգնեցնելիս ետ ստանալ իրենց ավտոմեքենաների նույն պետհամարանիշները, Ալիկ Սարգսյանը ասաց. - «Այս կետը որոշման մեջ ներառված չէ: Կոլեգիալ կարգով մենք ոստիկանությունում կորոշենք ճանապարհային ոստիկանության համապատասխան աշխատակիցների հետ: Աշխատելու ենք, որ հանձնված պետհամարանիշը քաղաքացին նորից հնարավորություն ունենա ետ ստանալու, այլապես նրա իրավունքները. կարծում եմ, վնասած կլինենք»:

Թեեւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը գործելու է 2011 թվականի հունվարի 1-ից, եւ շահագործվող ու չապահովագրված տրանսպորտային միջոցների տերերի համար տուգանք է սահմանված, այդուհանդերձ ոստիկանապետը հայտարարեց, որ հանձնարարել է իր գործընկերներին Ամանորին «չնեղացնել ժողովրդին»:

«Ամանորի տոների հետ կապված, չեմ ուզում թաքցնել, ես որոշակի վերապահումներ արել եմ: Ես խնդրել եմ իմ գործընկերներին ժողովրդին չնեղացնել, լավ տրամադրութամբ թող գնան Ամանոր: Դրանից հետո էլի տակտի, չափի սահմաններում, առանց որեւիցե կոպտության աշխատելու ենք բացատրական աշխատանքների շնորհիվ ընդամենը մեր քաղաքացիներին մղել դրան, որովհետեւ սա պետական խնդիր է, պետական գործընթաց է, եւ բոլորս պիտի մասնակցենք», - ասաց ոստիկանապետը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG