Մատչելիության հղումներ

Կիրկորովը եւ Յաբլոկովան հաշտվեցին


Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը եւ ռեժիսոր Մարինա Յաբլոկովան հաշտության համաձայնություն են կնքել, որի պայմանները հույժ գաղտնի են եւ չեն հրապարակվում: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Յաբլոկովայի փաստաբան Սերգեյ Ժորինը:

Յաբլոկովան ավելի վաղ դատարան էր դիմել Կիրկորովի նկատմամբ քրեական գործ հարուցելու հայցով` իր առողջությանը թեթեւ վնաս հասցնելու եւ վիրավորանքի համար:

«Գիշերը կնքվեց հաշտության համաձայնություն, Յաբլոկովան հրաժարվեց իր բոլոր պահանջներից», - այսօր ասել է Ժորինը:

Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի սկզբին Կրեմլի պալատում` «Զոլոտոյ գրամոֆոն» մրցանակաբաշխության փորձի ժամանակ: Երգչին դուր չէր եկել լուսավորումը, եւ նա նախ վիրավորել էր փորձի տեխնիկական ապահովման համար պատասխանատու ռեժիսորին, ապա եւ հարվածել նրան ձեռքերով եւ ոտքերով: Բժիշկները Յաբլոկովայի մոտ հեմատոմաներ եւ ուղեղի ցնցում էին արձանագրել:

Հետագայում Կիրկորովը իր այդ պահվածքը բացատրել էր որպես հիվանդության հետեւանք եւ հրապարակավ ներողություն խնդրել Յաբլոկովայից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG