Մատչելիության հղումներ

Time հանդեսը Տարվա մարդ ճանաչեց Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:

Այդ կոչմանը նրա հետ միասին հավակնում էին նաեւ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, փրկված չիլիացի հանքափորները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում գործող ժամանակակից Թեյախմության շարժումը: Ի դեպ, հանդեսի ընթերցողների շրջանում ամենամեծ թվով ձայները հավաքել էր WikiLeaks-ի հիմնադիրը:

Time-ը Տարվա մարդ է ընտրում 1920-ական թվականներից, ինչից հետո հաղթողի մեծ լուսանկարը զետեղվում է դեկտեմբերյան ամփոփիչ համարներից մեկի առաջին էջին:

Տարվա մարդուն ընտրելիս, նախ եւ առաջ, հաշվի է առնվում այն հանգամանքը, թե ինչպիսի ազդեցություն է գործել այս կամ այն թեկնածուն անցնող տարվա վրա, եւ ամենեւին պարտադիր չէ, որ դա այդ ազդեցությունը դրական լինի: Տարբեր տարիներին Տարվա մարդ են հռչակվել Հիտլերը, Ստալինն ու այաթոլա Խոմեյնին:

Անցած տարի այդ կոչմանն արժանացել է Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն, 2008-ին` Բարաք Օբաման, իսկ ահա 2007-ին Time-ը Վլադիմիր Պուտինին համարեց Տարվա մարդ:

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 26 տարեկան է: Նա գրեթե 75 տարիների ընթացքում անցկացվող մրցույթի ողջ պատմության ամենաերիտասարդ մասնակիցներից էր:

Ցուկերբերգը Facebook-ը հիմնադրել է ուսանողական տարիներին` Հարվարդի համալսարանում սովորելիս: Սոցիալական հանրահայտ այդ ցանցը նրան կարճ ժամանակում դարձրեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը:

Տարվա մարդու ընտրության չափանիշները տարիների ընթացքում տարաբնույթ փոփոությունների են ենթարկվել. օրինակ, ժամանակի հետ սկսեցին ընտրել ոչ միայն տղամարդ գործիչների, այլեւ` կին, ժամանակ առ ժամանակ ընտրվում են նաեւ անշունչ առարկաներ, այդպես օրինակ`1982-ին Տարվա մարդ տիտղոսը որոշվեց շնորհել համակարգչին:

Վերջնական ընտրության ժամանակ ամսագրի խմբագրակազմը նախ լսում է իր ամերիկյան ու արտերկրյա լրագրողների առաջարկները, նաեւ` հաշվի է առնում ընթերցողների կարծիքը, որը քվեարկության միջոցով հաշվվում է ինտերնետում: Այնուհետեւ հանդեսի խմբագիրներն են քննարկում թեկնածությունները, իսկ որոշիչ խոսքը գլխավոր խմբագրինն է:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG