Մատչելիության հղումներ

Ամերիկահայ երիտասարդները կոչ են անում հայտնի մարզիկին չգովազդել «Թուրքական ավիաուղիները»


Լոսանջելեսաբնակ հայ երիտասարդները կոչ են անում Los Angeles Lakers բասկետբոլային թիմի առաջատար խաղացողներից մեկին` Կոբի Բրայանին հրաժարվել առաջիկա 2 տարիներին գովազդել «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը:

Հայ երիտասարդները կոչ են անում հայտնի բասկետբոլիստին հրաժարվել «Թուրքական ավիաուղիներ»-ի հետ կնքած պայմանագրից, որով Բրայանը պարտավորվել է գովազդել ավիաուղիների նոր առաջարկը՝ Ստամբուլ-Լոս Անջելես ուղիղ չվերթները:

Բասկետբոլիստը ավիաուղիների գովազդներում կհայտնվի հաջորդ տարվա սկզբից: Գովազդային հոլովակը նախատեսված է ցուցադրել ԱՄՆ-ում, Միջին Արեւելքում, Եվրոպայում՝ ամերիկյան CNBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ աշխարհի գրեթե 80 երկրներում:

Թե ընկերությունը որքան գումար է վճարել Բրայանին այս գովազդի համար, հայտնի չէ, քանի որ պայմանագրի կետերը Բրայանը չի մանրամասնում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ երիտասարդական միության նախկին անդամ, այժմ ՀՅԴ ուսանողական միության Արեւմտյան Ամերիկայի ներկայացուցիչ Րաֆֆի Սեմերճյանը՝ իրենց բողոքի ձայնը սիրելի բասկետբոլիստին նախատեսում են հասցնել հիմնականում էլեկտրոնային նամակների միջոցով:

«Կոչը այն է, որ Կոբի Բրայանը որպես մարզիկ, որպես մարդ նախ եւ առաջ հասկանա, թե Թուրքիայի կառավարությունը ինչ տեսակ ոճիրներ է գործել», - ասաց Սեմերճյանը:

«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը այժմ համարվում է եվրոպական ամենաեկամտաբեր ընկերություններից մեկը: Այն հովանավորում է նաեւ եվրոպական բասկետբոլային լիգայի խաղերը ու ֆուտբոլային այնպիսի հսկաների, ինչպիսիք են անգլիական «Մանչեստեր Յունայթեդն» ու իսպանական «Բարսելոնան»:

XS
SM
MD
LG