Մատչելիության հղումներ

Գյումրիում բացվել է Լեւոն Լաճիկյանի անհատական ցուցահանդեսը


Լեւոն Լաճիկյան

Լեւոն Լաճիկյան

Չորեքշաբթի օրը Գյումրիի քաղաքապետարանի նորակառույց շենքում բացվեց ծագումով գյումրեցի, երեւանաբնակ նկարիչ Լեւոն Լաճիկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

«Գյումրի, իմ սեր» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները պատկերող գրաֆիկական աշխատանքները:

«Որովհետեւ վերջապես առիթ պիտի ներկայանար բարձրաձայնելու այն կուտակումը, որ ունեի սրտիս մեջ: Որքան որ տարածականորեն ապրել եմ մի քիչ հեռվում, դա ամենեւին չի նշանակում, որ ես Գյումրիից հեռացել եմ: Ինձ համար Գյումրին իրապես աշխարհի կենտրոնն է: Նկարներիս կեսը հենց Գյումրիին է նվիրված», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լաճիկյանը` շարունակելով. - «Այսօր տեսնելով Երեւանի այն վիճակը, որ գրեթե ամեն քայլափոխի հնակառույցը կարող է մի գիշերում անհետանալ եւ դրա փոխարեն էլիտար շենք կառուցվել, այդպիսի քաղաքականություն չկա այստեղ»:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Հեռուստատեսությամբ երբ տեսա, որ ինքը [Լաճիկյանը] ցուցահանդես է անցկացնում Գորիսում, Երեւանում, ես շատ վատ զգացի, որ ինչու առաջինը պիտի Գյումրիում չանեինք: Բայց վերջապես, փառք Աստծո, ստացվեց եւ Գյումրիում», - ասաց Ղուկասյանը:

Շարքային գյումրեցիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում շատ բարձր գնահատեցին ցուցադրված նկարները:

XS
SM
MD
LG