Մատչելիության հղումներ

Արագած Ախոյանը ԲՀԿ-ի նոր պատգամավորն է


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չորեքշաբթի օրը հերթական նիստում Ազգային ժողովի պատգամավոր գրանցեց Արագած Ախոյանին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի գրանցման գործընթացը կարճ տեւեց` ԿԸՀ-ի բոլոր յոթ անդամները կողմ քվեարկեցին Արագած Ախոյանի գրանցմանը: Ինքը` Ախոյանը ներկա չէր նիստին:

Ազգային ժողովի պատգամավորական մեկ աթոռ թափուր մնաց այն բանից հետո, երբ դեկտեմբերի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արեւիկ Պետրոսյանը նշանակվեց Սահմանադրական դատարանի անդամ: Մինչ այդ էլ` հոկտեմբերի 7-ին Պետրոսյանը հրաժարական էր տվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից՝ պահպանելով, սակայն, պատգամավորական աթոռը:

Ավելի ուշ խորհրդարանի փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկ այլ անդամ՝ Սամվել Բալասանյանը:

Արագած Ախոյանը Ազգային ժողովի 2007 թվականի ընտրություններին ներկայացրած ԲՀԿ-ի համամասնական ցուցակում 46-րդ համարն է, եւ ԿԸՀ-ն նրան պատգամավոր գրանցեց, քանի որ այդ ցուցակում Ախոյանից առաջ գտնվող չորս հոգին` դերասան Գուժ Մանուկյանը, Ազգային ժողովի Վերլուծության վարչության պետ Արթուր Թամազյանը, «Հայրապետյան եղբայրներ» ընկերության նախագահ Հայրապետ Հայրապետյանը եւ Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ինքնաբացարկի մասին դիմում էին ներկայացրել:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց ճշտել, թե ինչու են այդ չորս հոգին ինքնաբացարկ հայտնել, երբ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն ԲՀԿ ցուցակով խորհրդարան պետք է մտնեին կա´մ դերասան Գուժ Մանուկյանը, կա´մ «Հայրապետյան եղբայրներ» ընկերության նախագահ Հայրապետ Հայրապետյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հաջողվեց խոսել միայն խորհրդարանի Վերլուծության վարչության պետ Արթուր Թամազյանի հետ, որը ասաց, որ մեկ տարվա համար աննպատակահարմար է համարում մտնել Ազգային ժողով:

«Ես այսպես, թե այնպես Ազգային ժողովում եմ աշխատում, ուղղակի անպատակահարմար գտա»,- պատճառաբանեց Թամազյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG