Մատչելիության հղումներ

Հայաստանը մինչ օրս «Պզոյի» գործով միջնորդագիր չի ստացել ԱՄՆ-ից


Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից բանկային եւ բժշկական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործով առ այսօր Հայաստանի դատախազությունը իրավական փոխօգնության վերաբերյալ միջնորդագիր, հարցում չի ստացել: Այդ մասին այսօր տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Նույն աղբյուրը փոխանցում է նաեւ, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` մեկ շաբաթ առաջ Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ժամանակ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ թե կոնկրետ քրեական գործեր, այլ երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությանը եւ դրա համար իրավական մեխանիզմների ձեւավորման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից բանկային եւ առողջապահական ապահովագրության (Medicare) ոլորտում բացահայտված զեղծարարությունների փաստով հարուցված աղմկահարույց քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված են մեծ թվով ազգությամբ հայեր, հանցախմբի ենթադրյալ ղեկավարը Արմեն Ղազարյանն է` «Պզո» մականունով:

Հոկտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ներկայացուցիչները Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ ասել էին, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում Միացյալ Նահանգները կդիմի Հայաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG