Մատչելիության հղումներ

Շայդուլինը հավաստիացնում է, թե Սանահինի դեպոյում կրճատումներ չեն լինի


«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Շեւքեթ Շայդուլինը:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Շեւքեթ Շայդուլինը:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը Սանահինի լոկոմոտիվային դեպոյի աշխատողներին չորեքշաբթի օրը խոստացավ նրանց հետ 5 տարվա աշխատանքային պայմանագրեր կնքել:

Դեպոյի աշխատակիցները մոտ մեկ ամսից ավելի տիրող լարվածությունից հետո հանդիպեցին ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի հետ, սակայն հանդիպման կեսից լքեցին դահլիճը: Դրանից հետո ընկերության ղեկավարությունը կայացրեց 5 տարով աշխատանքային պայմանագրեր կնքելու մասին որոշումը՝ հավաստիացնելով, թե նրանց անգործ չի թողնի:

Սանահինի դեպոյի աշխատակիցների լարվածության պատճառը Շայդուլինի նոյեմբերի 4-ի հրամանն է, որի համաձայն դեկտեմբերի 1-ից Սանահինի լոկոմոտիվային դեպոն միացվում է Գյումրիի դեպոյին՝ վերափոխվելով շրջադարձային դեպոյի՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ կազմակերպել բեռնափոխադրման աշխատանքները:

Ընկերությունն արդեն հաստատել է նոր հաստիքացուցակ: Դրա համաձայն՝ դեկտեմբերի 1-ից Սանահինում աշխատելու է 146 մարդ՝ 70-ը Գյումրիի դեպոյի մեջ ներառվող հանգույցում, 76-ը գծային մեքենայացված ուղեմասի կազմում:

Շրջադարձային դեպո դառնալուց հետո Սանահինում գնացքներ չեն կայանի, ինչը նշանակում է, որ անգործ կմնան դեպոն սպասարկող կառույցների մոտ 100 աշխատողներ: Մեքենավարները եւս մտավախություն ունեն, որ կզրկվեն աշխատանքից` նույն պատճառով:

Շայդուլինի հրամանի իրագործումը հետաձգվել էր մինչեւ տարեվերջ, բայց դեպոյի փոխտնօրեն Սաշա Ազատյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ արդեն սկսվել են դեպոյի կարգավիճակի փոփոխման հետ կապված աշխատանքները:

Շայդուլինը իր հերթին ասաց, որ ոչ ոք չի կրճատվի, նույնիսկ 12 նոր աշխատատեղ կբացվի:

«Իրականում ավելի շատ մարդ է աշխատելու այստեղ, մեր աշխատանքի ծավալները փոքր են, ու, միացնելով Գյումրիին, ցանկանում ենք մեծացնել աշխատողների աշխատանքի ծավալները», - ասաց Շայդուլինը:

Նա նկատի ուներ իր մեկ այլ հրամանով Սանահինի դեպոյում ստեղծված հատուկ նշանակության գծային մեքենաների մեխանիզմների շահագործման ուղեմասը: Ընկերության 73 աշխատող զբաղվելու է մեխանիզմների շահագործման, վերանորոգման եւ սպասարկման հետ կապված հարցերով այն արտադրամասում, որը վթարային է ու մինչ այժմ չի հարմարեցվել ժամանակակից պահանջներին:

«Ազատություն» ռադիոկայաին հարցին, թե եթե չկան պայմաններ, ապա որտե՞ղ են կատարվելու այս աշխատանքները, Շայդուլինը պատասխանեց, թե «ապրիլ կամ մայիս ամիսներին արդեն արդյունքը կտեսնեն»:

«Ապրիլին արդեն մեզ նոր սարքավորումներ հարկավոր կլինեն, աշխատողների հետ միասին կստեղծենք նոր ձեռնարկություն», - ասաց Շայդուլինը:

Ալավերդիի տարածաշրջանից ընտրված պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, ով նույնպես մասնակցում էր հանդիպմանը, ասաց, որ վթարային շինության նորոգման կամ կառուցման համար առնվազն 1.5 տարի կպահանջվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG