Մատչելիության հղումներ

Հայաստանում հիմնվել են Հայ Առաքելական եկեղեցու երկու նոր թեմեր


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի Հայրապետական կոնդակով դեկտեմբերի 10-ին Հայաստանում հիմնվել են երկու նոր թեմեր` Վայոց թեմը եւ Տավուշի թեմը: Այդ մասին այսօր հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Վայոց Ձորի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացվել են Սյունյաց թեմի, Տավուշի մարզի եկեղեցական համայնքները` Գուգարաց թեմի կազմից: Վայոց թեմի առաջնորդանիստ քաղաքը Եղեգնաձորն է, Տավուշի թեմինը` Իջեւանը:

Վայոց թեմի առաջնորդ է նշանակվել Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը` ազատվելով Սյունյաց թեմի առաջնորդի պաշտոնից: Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել նույն թեմի Սյունիքի փոխառաջնորդ Զավեն աբեղա Յազիչյանը: Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդ Թորգոմ վարդապետ Տոնիկյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ:

Մայր Աթոռից տեղեկացնում են նաեւ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Հունաստանի Հայոց թեմի հոգեւոր հովիվ Խորեն աբեղա Առաքելյանը դեկտեմբերի 15-ից նշանակվել է Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդական տեղապահ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG