Մատչելիության հղումներ

Spiegel. «Փարվել նավթային բռնապետին»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում «Նավթային քարեր» ավանի 60-ամյակին նվիրված արարողությանը, նոյեմբեր, 2009թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում «Նավթային քարեր» ավանի 60-ամյակին նվիրված արարողությանը, նոյեմբեր, 2009թ.
«Փարվել նավթային բռնապետին». այսպես է վերնագրել գերմանական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը` Spiegel-ը Ադրբեջանի իշխող վերնախավին նվիրված ծավալուն հոդվածը:

Գերմանացի լրագրող Գրեգոր Պետեր Շմիցը, մեկնաբանելով Բաքվում աշխատող ամերիկացի դիվանագետների` WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված հաշվետվությունները, գրում է. - «Նավթի համար ամերիկացի դիվանագետները պատրաստ են դիմել գրեթե ցանկացած քայլի: Ադրբեջանում, օրինակ, նրանք գովերգում են տեղի բռնապետին եւ նրա փողատենչ կլանին: WikiLeaks-ի կողմից հրապարակված` Ադրբեջանին վերաբերող փաստաթղթերն ընթերցում ես որպես ամերիկացի դիվանագետների սարկազմով լի տպավորությունների հավաքածու: Դրանց հեղինակների կարծիքով` իրենք հայտնվել են աշխարհի ծայրում գտնվող բանանային մի հանրապետությունում»: Չնայած դրան, ըստ Spiegel-ի, Կասպյան տարածաշրջանում գտնվող այս պետությունը Միացյալ Նահանգների ռազմավարական էներգետիկ գործընկերներից է, որը, սակայն, գտնվում է ռուսական ազդեցության գոտում:

«Հաստատված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի նավթային պաշարները կազմում են 7 միլիարդ բարել, իսկ գազի ընդհանուր ծավալը` 1 միլիարդ 700 միլիոն խորանարդ մետր: Ահա թե ինչու էին ժամանակին ԱՄՆ-ի փոխնախագահ Չեյնին եւ նրա կինը գովերգում Ալիեւիներին: Այսօր` Օբամայի դարաշրջանում, նույն գործով է զբաղված նրա եվրասիական հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը», - գրում է Spiegel-ը` նշելով, որ Մորնինգսթարը Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին աշխատել է Սպիտակ տանը` հանդիսանալով Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի կառուցման գլխավոր ջատագովներից մեկը:

«Մեծ խաղ»` այսպես էր կոչվում բրիտանացիների եւ ռուսների միջեւ 19-րդ դարում ծավալված պայքարը, որի գլխավոր նպատակն էր վերահսկողություն հաստատել Կասպյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի նկատմամբ», - գրում է գերմանացի լրագրողը` նկատելով. - «Այսօր այդ պայքարի առաջին գծում են հայտնվել ամերիկացիները, խաղադրույքներն էլ շատ ավելի բարձր են: Շատ ավելի բարձր է նաեւ այն գինը, որ ստիպված են վճարել դիվանագետները»:

«Ադրբեջանը, ինչպես եւ Կասպյան տարածաշրջանի մյուս պետությունները, այն դաշնակիցների թվին է պատկանում, որի գործած արարքների համար ստիպված ես կարմրել: Քանի դեռ ադրբեջանական մի քանի կլանները ամերիկյան դոլարների շնորհիվ շարունակում են հարստանալ` բնակչության 40 տոկոսը աղքատության շեմից ցածր է գտնվում, իսկ միջին ամսական եկամուտը կազմում է 24 եվրո», - գրում է գերմանական պարբերականը` մեջբերելով Ադրբեջանի լիբերալ կուսակցության առաջնորդ Լալա Շովքեթի խոսքերը. - «Նավթն Ադրբեջանի ողբերգությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG