Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 15-ի մամուլ


«Չորրորդ ինքիշխանություն» թերթի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Ի վերջո, ո՞րն է Հայաստանի «տնտեսական զարգացման» իսկական ծրագիրը: Այնպես անել, որ խոպանչիները հնարավորինս շատ փող ուղարկեն, եւ Հայաստանում այդ փողը հայտնվի օլիգարխների գրպանում: Հետո՞ ինչ, որ կառավարությունը պաշտոնապես հայտարարում է, որ փորձում է ներգաղթ կազմակերպել, «Արի տուն» անվանումով ինչ-որ անհեթեթ ծրագրեր է իրականացնում եւ այլն: Գործնականում` կառավարությանը հնարավորինս շատ խոպանչիներ են պետք, դրա համար էլ Տիգրան Սարգսյանը բաց տեքստով հայտարարում է, թե այո, որակյալ կադրերը պետք է արտասահմանում աշխատեն, դրա համար էլ այդ «որակյալ կադրերի» համար Հայաստանում օտարալեզու դպրոցներ են բացվում, դրա համար էլ մարզերում գրեթե պետական մակարդակով քարոզվում է Ռուսաստանի միգրացիոն ծրագիրը: Եվ եթե կառավարության գործունեությունը գնահատում ենք այս տեսանկյունից, ստացվում է, որ փայլուն հաջողություններ են արձանագրվել. միայն 2010-ին Հայաստանից անվերադարձ հեռացել է մոտ 90 հազար մարդ»:

«Առավոտ»-ի մեկնաբանը արձանագրում է. - «Տարօրինակ է, որ նույնիսկ ՀՀԿ-ական ավագանիները, որոնք, օրենքի համաձայն, իրենք են ընտրելու քաղաքապետին, վախենում են բարձրաձայնել ՀՀԿ-ի ու առավել եւս իրենց համար նախընտրելի թեկնածուի անունը»: Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Առավոտ»-ում գնահատում է. - «Դա աննորմալ եւ անհասկանալի երեւույթ է… Կուսակցականներն ու առավել եւս ավագանու անդամները կարող են անձնական կարծիք ունենալ եւ ներկայացնել այն: Դա նույնիսկ պարտադիր է: Այն, որ նրանք նախընտրում են լռել` խոսում է նրա մասին, որ այդ կուսակցությունում չկա ո'չ ներքին ժողովրդավարություն, ո'չ էլ նման հարցերը հնարավոր է հրապարակայնորեն քննարկել: Դա խոսում է նաեւ նրա մասին, որ այդ կուսակցության ներսում որոշումներ ընդունողը մեկ մարդ է եւ նա ինչ որոշում ընդունի` կուսակցությունում այդպես էլ կշարժվեն: Երկրորդ, օրենքի, Հայաստանի Սահմանադրության տեսանկյունից էլ դա կոպիտ խախտում է: Ի վերջո, ավագանին ընտրովի մարմին է, եւ նա է ընտրում Երեւանի քաղաքապետին: Իսկ դա նշանակում է, որ որոշողը ոչ թե կուսակցության ղեկավարն է, այլ ավագանու անդամները»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցնում է. - «Ինչպե՞ս եք վերաբերվում շահարկումներին, թե նախագահ Սերժ Սարգսյանը, մասնակցելով ՀՅԴ հոբելյանական հանդիսությանը, ապացուցեց, որ Դաշնակցությունը կեղծ ընդդիմություն է»։ Սահակյանը պատասխանում է. - «Եթե հրավիրել էին, ինչո՞ւ չպետք է մասնակցեր։ Իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերությունները հենց այդպիսին պետք է լինեն։ Առավել եւս, որ Դաշնակցության հետ տեւական ժամանակ համագործակցել ենք երկրի առջեւ ծառացած կարեւորագույն հարցերում։
Ինչ վերաբերում է շահարկումներին, դրանք ուղղակի անհեթեթ խոսակցություններ են։ Ի վերջո, քաղաքական դաշտը մեկն է, եւ այդ դաշտում ընդդիմությունը եւ իշխանությունը չպետք է թշնամիներ լինեն, այլ մրցակիցներ։ Մենք, համենայն դեպս, աշխատում ենք մրցակցային դաշտում, կարծում եմ` Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էլ է գնում այդ ճանապարհով։ Եվ այդ մոտեցումը միայն կարելի է ողջունել»։

«Կապիտալ»-ի թղթակիցը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին հարցնում է. - «Եթե ապագա ընտրությունները կեղծվեն, ի՞նչ կանի ՀԱԿ-ը»։ Զուրաբյանը արձագանքում է. - «Ռեժիմը չի կարող կիրառել նախորդ փորձը, քանի որ բավականին թուլացած է։ Եթե մենք նրա այսօրվա վիճակը համեմատենք 2008-ի նախագահական վիճակի հետ, կտեսնենք, որ այն ժամանակ կար կուռ թիմ, կար իշխանական կազմակերպված բուրգ, բուրգի ներսում կար միասնականություն, իսկ հասարակության վիճակը զուտ սոցիալ-տնտեսական ցուցանիշների առումով անհույս չէր։ Այսօր բոլոր այս բնագավառներում ռեժիմը տապալված է. չկա ներքին միասնություն, չկա իրական կոորդինացված համակարգ, հենց իրենց թիմում կա լրջագույն անվստահություն կոնկրետ անձերի եւ ռեժիմի նկատմամբ։ Քոչարյանի ժամանակ նույն համակարգը գործում էր կոռումպացված, բայց պետական կառույցների ղեկավարների միջոցով, իսկ այսօրվա իշխանությունների շուրջ ձեւավորվել է քրեական պոլիտբյուրո, որը շատ ավելի մեծ կշիռ ունի, քան պետական կառույցները»:

«ժամանակ»-ի թղթակիցը վերջին աղմկալի կադրային փոփոխությունների մասին զրուցել է պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (ՀՀԿ) հետ: Լրագրողի հարցին, թե արդյոք ինքը կարծում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ամեն ինչ նոր էջից սկսել, պատգամավորը արձագանքում է. - «Սերժ Սարգսյանին ես ճանաչում եմ պատերազմի առաջին իսկ օրերից: Ինքը շատ սկզբունքային մարդ է, եւ իմ կարծիքով` նոր չի սկսել: Դա գալիս է ե'ւ բանակաշինությունից, ե'ւ իր քաղաքական ապրած օրերից, տարիներից, իր անձնական դաստիարակությունից: Նա կարող է կողքդ կանգնել, բայց երբ դու չես ուզում կանգնել, ճիշտ ձեւով պահել, կարող է հրաժարվի քեզանից ու ասի` «նախկինը որեւէ կապ չունի, մենք երկիր ենք կառուցում, եւ եթե երկրի կառուցման դեպքում մարդը սխալվում է, ինքը պետք է հրաժարվի»: Լրագրողի հաջորդ հարցին` այսինքն հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանի անկեղծությանը, Աղաբաբյանը պատասխանում է. - «Իհարկե… դա ժամանակի պահանջն է: Այլ կերպ չի կարող լինել»: Լրագրողը շարունակում է. - «Իսկ արդյո՞ք հասարակությունը կհավատա Սերժ Սարգսյանի ու իշխանությունների ազնվությանը»: Աշոտ Աղաղբաբյան. - «Կարեւորը` ես եմ հավատում: Եթե ես եմ հավատում, իմ ընտրողներն էլ, բնականաբար, կհավատան: Միջավայրն էլ, իմ աշխատանքային կոլեկտիվն էլ կհավատա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG