Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նախաձեռնել մի երաժշտական փառատոն, որի ընթացքում միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կմատուցվեն հայ երաժշտասերներին:

Փառատոնը անցկացվում է Մշակույթի նախարարության եւ Կոմպոզիտորների միության աջակցությամբ:

Երեքշաբթի երեկոյան Կամերային երաժշտության տանը կայացած համերգին հնչեցին հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի, Տիգրան Մանսուրյանի, Վարդան Աճեմյանի, Մարտուն Իսրայելյանի, Աշոտ Զոհրաբյանի եւ այլոց ստեղծագործությունները:

Մինչեւ այդ տեղի էր ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոն, իսկ փառատոնի առաջին համերգը ամբողջովին նվիրված էր Ղազարոս Սարյանի ստեղծագործությանը, ով հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկած եւ այս տարի Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին նվիրված փառատոնը` «Սարյանֆեստը» չի ավարվելու, շարունակական է լինելու, եւ յուրաքանչյուր տարի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնող մի քանի քանի համերգներ տեղի կունենան:

Ըստ Սմբատյանի` նման երաժշտական փառատոնի կարիք իրոք կար, եւ փառատոնի ընթացքը հենց դա է ապացուցում:

«Փառատոնը շատ լավ է ընթանում, ունենք լեփ-լեցուն դահլիճներ, կա մեծ ցանկություն լսելու հայ ժամանակակից երաժշտությունը: Ցավոք սրտի, հայ ժամանակակից երաժշտությունը շատ քիչ է հնչում, եւ մարդիկ ուղղակի առիթ չունեն գնալու դահլիճ եւ լսելու այն», - ասաց Սմբատյանը:

Սմբատյանի խոսքով` փառատոնի նպատակը ժամանակակից ունկնդրին հայ ժամանակակից երաժշտությանը ծանոթացնելն է:

Հաջորդ տարիներին փառատոնը կկրի այն կոմպոզիտորի անունը, որի ծննդյան հոբելյանը կնշվի այդ տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG