Մատչելիության հղումներ

«Փինք Ֆլոյդ»-ի կիթառահարի որդին ներողություն է հայցել իր արարքի համար


Ուսանողների բողոքի ցույցը Լոնդոնի համալսարանի մոտ, 9-ը դեկտեմբերի, 2010թ.

Ուսանողների բողոքի ցույցը Լոնդոնի համալսարանի մոտ, 9-ը դեկտեմբերի, 2010թ.

Անցած հինգշաբթի օրը Լոնդոնում հազարավոր երիտասարդներ բողոքի ակցիաներ են կազմակերպել, պահանջելով իշխանություններից` վերանայել համալսարաններում ուսման վարձը բարձրացնելու որոշումը։ Ցույցերը վերաճել են զանգվածային անկարգությունների եւ բախումների։

Բրիտանական օրաթերթերը ընդհարումների մասին ռեպորտաժներում զետեղել են լուսակար, որը պատկերում է պատերազմների զոհերի հուշարձանին տեղադրված պետական դրոշից կառչած մի երիտասարդի։ Պարզվում է, ըմբոստ երիտասարդը լեգենդար «Փինք Ֆլոյդ» խմբի կիթառահար Դեյվիդ Գիլմորի որդին է` Չարլին։ Ոստիկանները երիտասարդի գործողությունները որակել են որպես երկրի դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եւ ձերբակալել են նրան Սասեքս կոմսությունում։

Ավելին, հետագայում պարզվել է, որ 21-ամյա Չարլին փորձել է թերթերի կույտ այրել Լոնդոնի Գերագույն դատարանի դռան մոտ, ինչի արդյունքում կարող էր լուրջ հրդեհ բռնկվել։ Ընդ որում, կան այս փաստը հաստատող թե' լուսանկարներ եւ թե' տեսագրություն։

Անվանի կիթառահարի արձագանքը դեռեւս հայտնի չէ, մինչդեռ, Քեմբրիջի համալսարանի պատմության բաժնի ուսանող Չարլի Գիլմորը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որով ներողություն է խնդրել իր արարքի համար։

«Ես ամաչում եմ, որովհետեւ իմ արարքով կոպտորեն վիրավորել եմ մեր երկրի համար զոհված հազարավոր մարդկանց հիշատակը», - հայտարարել է Գիլմոր-կրտսերը եւ ավելացրել.- «Ես բնավ չէի ցանկանում պղծել հուշարձանը, ես ոստիկանների հարձակմանը ենթարկված ամբոխի մեջ էի, ամբոխի տրամադրության ազդեցության տակ էի։ Հասկանում եմ, որ տգիտությունը վատթարագույն արդարացումն է, սակայն ամենայն անկեղծությամբ ձեր ներողամտությունն եմ հայցում»։

Այդ զանգվածային անկարգությունների ընթացքում ռադիկալ երիտասարդների կողմից հարձակման է ենթարկվել նաեւ արքայազն Չարլզին եւ նրա տիկնոջը` Քորնուելի դքսուհի Քամիլային փոխադրող «Ռոլս Ռոյս»-ը։ Ի դեպ, մեքենայի դուռը մի պահ բացվել է, եւ ջարդարարներից մեկը հասցրել է փայտով հարվածել Քամիլայի կողերին։

«Փինք Ֆլոյդ»-ի կիթառահար Դեյվիդ Գիլմորը 1994 թվականին է ամուսնացել Փոլլի Սեմսոնի հետ եւ որդեգրել նրա զավակին` Չարլիին, որի հայրը բանաստեղծ Հիթքոթ Ուիլյամսն է։
XS
SM
MD
LG