Մատչելիության հղումներ

Բրիտանական դատարանը կքննի Ասանժին Շվեդիային հանձնելու հարցը


Ձերբակալված Ջուլիան Ասանժը տեղափոխվում է բանտ, Լոնդոն, 7-ը դեկտեմբերի, 2010թ.

Ձերբակալված Ջուլիան Ասանժը տեղափոխվում է բանտ, Լոնդոն, 7-ը դեկտեմբերի, 2010թ.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում դատարանը այսօր կքննի WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիայի իշխանություններին հանձնելու հարցը. երկիր, որը Ասանժին մեղադրում է բռնաբարության եւ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ:

Ինքը` ուղիղ մեկ շաբաթ առաջ Լոնդոնի ոստիկանությանը հանձնված Ասանժը, հերքում է առաջադրված մեղադրանքները եւ պնդում, թե դրանց իրական նպատակն է խոչընդոտել ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը գաղտնազերծող WikiLeaks կայքի գործունեությանը։

Տարիներ առաջ հիմնադրված կայքը շաբաթներ առաջ սկսեց հրապարակել աշխարհի տարբեր անկյուններում աշխատող ամերիկացի դիվանագետների գրառումները, որոնք պարբերաբար զայրացնում են գերտերությունների ղեկավարներին, իսկ պաշտոնական Վաշինգտոնին ստիպում հայտարարություններ տարածել ու ներողություն խնդրել։

Մինչ բրիտանացի իրավապահները քննում են Ասանժին էքստրադիցիայի ենթարկել–չենթարկելու հարցը, WikiLeaks-ի անձնակազմի ներսում կարծես խլրտումներ են նկատվում. համենայնդեպս, արեւմտյան լրատվամիջոցները հաղորդում են, թե Ասանժի տեղակալը` Դանիել Դոմսխայտ Բերգը որոշել է սեփական կայքը հիմնել, որը, ի տարբերություն WikiLeaks-ի, հիմնված չի լինի մեկ անձի վրա եւ առավել «թափանցիկ կաշխատի»։

«Ասանժի գործողությունները թուլացրել են WikiLeaks-ի հիմքերը, ամեն ինչ կենտրոնացել է մեկ հոգու վրա, մինչդեռ հայտնի է, որ մեկը միշտ ավելի թույլ է, քան ողջ կազմակերպությունը», - շվեդական հեռուստաընկերություններից մեկի եթերում ասել է Ասանժի նախկին դաշնակից Դանիել Բերգը։ Վերջինիս խոսքով, նոր կայքը կկոչվի OpenLeaks եւ կսկսի աշխատել արդեն 2011 թվականից։

Բերգի ընդվզմանը եւ նոր ստեղծվելիք կայքին, ըստ լրատվամիջոցների, Wikileaks-ում շատ սառնասրտորեն են վերաբերվել: «Որքան շատ լինեն տեղեկատվության նման աղբյուրները, այնքան` լավ», - ասել են Wikileaks-ի ներկայացուցիչները։

Վերջիններս շարունակում են դիվանագիտական փաստաթղթերի գաղտնազերծումը, մինչդեռ համախոհները բողոքի ցույցեր են կազմակերպում Ասանժի ձերբակալման դեմ, ինչպես նաեւ հաքերային հարձակման ենթարկում այն կազմակերպությունները, որոնք ժամանակին խոչընդոտել են WikiLeaks-ի գործունեությանը։ «Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ, համակիրները նաեւ օնլայն դիմում են շրջանառության մեջ դրել` WikiLeaks-ի նկատմամբ ճնշումերը դադարեցնելու եւ խոսքի ազատությունը հարգելու կոչով։ Միացյալ Նահանգներին ու այլ երկրներին ուղղված այդ կոչին, ըստ լրատվամիջոցների, մի քանի օրվա ընթացքում միացել է շուրջ 600 հազար մարդ` աշխարհի տարբեր անկյուններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG