Մատչելիության հղումներ

Ըստ փաստաբանի` Փաշինյանի հետ իր տեսակցության ժամանակ խախտվել է սահմանված կարգը


Երեկ փաստաբանի հետ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի տեսակցության ժամանակ խախտվել է օրենքով սահմանված կարգը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց փաստաբան Վահե Գրիգորյանը` տվյալ իրավիճակը որակելով աննախադեպ երեւույթ:

«Հանդիպման պահին սենյակ է մուտք գործել նաեւ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ սպան եւ տեղեկացրել է, որ մեր առանձնատեսակցությանը նա պիտի ներկա գտնվի, եւ առհասարակ` դա այդպես էլ լինելու է, փաստորեն` Նիկոլ Փաշինյանին զրկելով փաստաբանի հետ առանձնատեսակցելու հնարավորությունից», - ասաց փաստաբանը` հավելելով. - «Մենք մտադիր ենք դիմել եւ բացատրություններ պահանջել արդարադատության նախարարությունից, միաժամանակ տեղեկացնելու եմ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Արդեն իսկ երկու ամիս է` հնարավոր չէ Նիկոլի հետ որեւէ աշխատանքային հանդիպում ունենալ»:

Վահե Գրիգորյանը եւս հավաստեց, որ երկու շաբաթ առաջ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Նիկոլ Փաշինյանի հոդվածները փոստին չեն փոխանցվում: «Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկի պետի պնդմանը, որ Նիկոլ Փաշինյանը նամակներ չի փոխանցել, դա բացարձակ սուտ է, դա շատ ամոթալի սուտ է: Յուրաքանչյուր աշխատանքային օր Նիկոլ Փաշինյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին հանձնում է նախորդ օրվա ընթացքում գրած իր հոդվածը, սակայն նամակները չեն ուղարկվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փաստաբանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG