Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 14-ի մամուլ


«Ժամանակ»-ը խմբագրականում գրում է. - «ՀՅԴ-ն երեկ հանդիսավոր միջոցառում է անցկացրել Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում: Այդ միջոցառման ուշագրավ տարրն այն է, որ դրան մասնակցել է Սերժ Սարգսյանը: Սա, թերեւս, այն բանի լավագույն պատասխանն է, թե որքանո՞վ է ՀՅԴ-ն ընդդիմություն եւ որքանո՞վ են իրական ՀՅԴ-ի այն հայտարարությունները, թե իբր նոր որակի իշխանություն է պետք ձեւավորել իշխանափոխության ճանապարհով: Սերժ Սարգսյանն իր ներկայությամբ փաստացի փակում է ՀՅԴ-ի այդ ճանապարհը` ցույց տալով, որ Դաշնակցությունն ունի գնալու մի ճանապարհ` Սերժ Սարգսյանի հետեւից, եւ որեւէ այլ ճանապարհի թույլտվություն նրան տրված չէ»:

Վերջին աղմկահարույց կադրային փոփոխությունների վերաբերյալ «Հրապարակ»-ը մեկնաբանություն է վերցրել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանից: Նրա կարծիքով, այս ամենը համակարգային փոփոխություններ չեն. - «Համակարգային փոփոխության համար նախ առաջինը անհրաժեշտ է, որ կառավարությունը կոալիցիոն չլիներ, որ ամեն մեկին չգիտես որտեղից չգտնեին բերեին, կուսակցական քվոտայով մի տեղ նշանակեին ու մեզ էլ կրակը գցեին»: Իսկ եթե ինքը` Արամ Կարապետյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելիս լիներ, ո՞ւմ կփոխեր: «Պաշտպանության նախարարը, ոստիկանապետը, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, էկոնոմիկայի նախարարը, մշակույթի նախարարը, վարչապետը… Էլ որին ասեմ, որին էլ ասես` փոփոխության ենթակա է», - արձագանքել է Արամ Կարապետյան:

Նույն հարցով «Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Վստա՞հ եք, որ ժողովուրդը ճիշտ կհասկանա ու կընկալի կատարված քայլերը եւ վաղը ձեզ դարձյալ վստահության քվե կտա»: Զոհրաբյանը պատասխանում է. - «Մենք ակնկալում ենք, որ ընտրությունների ժամանակ մեր ժողովուրդը օբյեկտիվորեն կգնահատի իր քվեն ստանալ հավակնող բոլոր քաղաքական ուժերի աշխատանքը: Եթե մենք հիմա պայքարում ենք օրենքի գերակայություն հաստատելու, մարդու բոլոր իրավունքները պաշտպանելու համար, ուրեմն ընտրությունների ժամանակ եւս նույն սկզբունքներով ենք առաջնորդվելու»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը մեկնաբանում է ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) Արագ արձագանքման ուժերի ավելի օպերատիվ աշխատելու նոր մեխանիզմների առաջարկը, որ Մոսկվայում հնչեցրել է նախագահ Սերժ Սարգսյանը: Մեկնաբանը հեգնում է. - «Եթե մեր երկրներից որեւէ մեկում իշխանափոխություն լինի, չի իմացվի` նոր իշխանությունները կմնա՞ն ՀԱՊԿ-ի կազմում, թե՞ ոչ: Դրա համար էլ եկեք պայմանավորվենք, որ եթե մեր երկրներից որեւէ մեկում ներքաղաքական ճգնաժամ է լինում, օպերատիվ արձագանքման ուժերը միջամտում են: Այդ ուժերն էլ, հասկանալի է, միայն անունով են միջազգային, իրականում ռուսական զորքերն են: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը պաշտոնապես առաջարկեց Ռուսաստանին թույլ տալ առանց կոնսենսուսի զորքեր մտցնել ցանկացած երկիր, որտեղ ներքաղաքական ճգնաժամ է հասունանում: Ենթադրենք` ինչ-որ պահի Ռուսաստանը գտնում է, որ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու ժամանակն է, եւ Հայաստանին ու Ադրբեջանին ինչ-որ փաստաթուղթ է պարտադրում: Այդ փաստաթուղթը, բնականաբար, չի կարող 100 տոկոսով բավարարել ո'չ հայկական կողմին, ո'չ ադրբեջանցիներին, եւ կարելի է վստահ լինել, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալու փողոց` փորձելու կանխել այդ ընթացքը: Ընդ որում` դուրս են գալու փողոց` անկախ կուսակցական պատկանելությունից, եւ բնականաբար` պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ դեպքում ահա նա կարող է դիմել ՀԱՊԿ-ին եւ «օպերատիվ միջամտություն» խնդրել, ինչը եւ սիրով կանեն»:

«Կապիտալ»-ը տեղեկացնում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը անցած շաբաթ Հայաստանի 2010թ. տնտեսական իրավիճակն ամփոփող զեկույց է ներկայացրել: «Համաձայն զեկույցի` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը վերջ է դրել Հայաստանի` տարիներ տեւած, սակայն անկայուն տնտեսական աճին: Արտահանման, մասնավոր տրանսֆերտների եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ կրճատումը, արտարժութային քաղաքականության տատանումները, փոխարժեքի արժեզրկումը Հայաստանում հանգեցրել են ոչ միայն տնտեսական, այլեւ վստահության ճգնաժամի եւ արտադրության զգալի անկման: Իշխանությունների վարած ուժեղ քաղաքականությունը եւ միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՀ-ի աջակցությունը օգնել են մեղմել ճգնաժամի ազդեցությունը եւ վերականգնել վստահությունը, թեեւ արդյունքում զգալիորեն աճել է պետական պարտքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG