Մատչելիության հղումներ

Բրյուսելում քննարկվել է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի ընթացքը


Երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի է ունեցել «Արեւելյան գործընկերության» անդամ վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Մոլդովայի արտգործնախարարների հանդիպումը Եվրամիության անդամ 27 երկրների դիվանագետների հետ։

Պաշտոնական Բրյուսելի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են անցած տարի՝ ծրագրի մեկնարկին ընդունված հռչակագիրը եւ եւս մեկ անգամ ընգծել, որ այն հիմնված է միջազգային իրավունքների եւ հիմնարար արժեքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հավատարմության, ինչպես նաեւ ազատ շուկայական հարաբերությունների եւ կայուն զարգացման վրա։

Հանդիպման ավարտին նշվել է նաեւ ծրագրի մյուս կարեւոր բաղադրիչը. Եվրամիությունը ծրագրի անդամ յուրաքանչյուր պետության մոտենում է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում Արեւելյան գործընկերության հանդիպմանը, լուսանկարը` արտգործնախարարության
առանձնահատկության սկզբունքով, այն է՝ որքան առաջ կշարժվի յուրաքանչյուր երկիր ժողովրդավարության եւ տնտեսական բարեփոխումների ճանապարհով, այնքան ավելի ընդգրկուն եւ լայն կլինեն առաջարկները Եվրամիության կողմից՝ վիզաների հեշտացման, ազատ առեւտրի գոտու ստեղծման ու դրամական օգնության տեսքով։

«Մեր երկարաժամկետ նպատակն է Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ հասնել մի հանգրվանի, որտեղ վեց պետությունների քաղաքացիները իրավունք կստանան մինչեւ եռամյսա ժամանակատվածում տեղաշարժվել Եվրամիության տարածքում առանց վիզաների։Սակայն սա երկարատեւ գործընթաց է», – Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Դեն Ալեքսի հետ զրույցում ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Անժելա Ֆիլոտը։

Անդրադառնալով Հայաստանին՝ Եվրամիության ներկայացուցիչն ասել է. - «Պաշտոնական Երեւանի հետ մենք նոր ենք սկսում բանակցությունները վիզաների հեշտացման պայմանագրի շուրջ, մինչդեռ, օրինակ, Բելառուսը մի քանի քայլով ետ է մնում Հայաստանից։ Այդուամենայնիվ, մենք ուզում ենք այդ ծրագիրը իրագործել անգամ Բելառուսի հետ, որովհետեւ դրանից առաջին հերթին կշահեն շարքային քաղաքացիները»։

Հարցին, թե ինչ ասել է «երկարաժամկետ» հեռանկար եւ կոնկրետ երբ կարող են շարքային քաղաքացիները ակնկալել այդ փոփոխությունները, Եվրամիության պաշտոնյան արձագանքել է - .«Դժվար է ասել: Դա կախված է հենց ծրագրի անդամ երկրներից, ինչպես նաեւ Եվրամիության անդամներից, որոնք հաստատում են գործընթացը։ Դեռեւս մենք խոսում ենք այն կարեւոր բարեփոխումների մասին, որոնք այդ վեց երկրները պետք է կատարեն. նրանք պետք է ապահովեն իրենց սահմանների անվտանգությունը, որոշակի տիպի անձնագրեր ներմուծեն: Ի վերջո, մենք խոսում ենք մի գործընթացի մասին, որի իրագործումը տարիներ է պահանջում», – ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը։

Մինչեւ օրս Եվրամիության կողմից պահանջվող բարեփոխումների իրագործումը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը բավարար են գնահատել, ինչպես նաեւ ողջունել որոշ երկրների հետ սկսած երկկողմ բանակցությունները՝ Ասոցիացման համաձայնագիր կնքելու շուրջ, որին ձգտում է նաեւ Հայաստանը։

Անդրադառնալով առաջիկա գործողություններին` կողմերը որպես գերակա ուղղություն նշել են հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման ոլորտում համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, նախկին Խորհրդային Միության վեց երկրների ներգրավումը Եվրամիության ծրագրերում, ինչպես նաեւ խոստացել են հատուկ ուշադրություն դարձնել վիզային ռեժիմի մեղմացմանը որոշակի խմբերի մարդկանց, այդ թվում՝ ուսանողների, գիտնականների ու գործարարների համար։

«Ի թիվս այլ պահանջների, Եվրամիությունը ուզում է նաեւ համոզված լինել, որ ծրագրի մասնակից երկրների քաղաքացիները հասկանում են տարբերությունը՝ առանց վիզաների տեղաշարժի եւ աշխատանքի որոնման միջեւ», - «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է Անժելա Ֆիլոտը եւ ընդգծել. - «Ակնկալվող այս փոփոխությունները որեւէ միտում չունեն նախկին Խորհրդային Միության այս երկրների առջեւ բացել Եվրամիության աշխատանքային շուկան»։

Գործընկերության ապագայի շուրջ հաջորդ, ըստ պաշտոնական հաղորդագրության` առանցքային քննարկումը կողմերի միջեւ տեղի է ունենալու արդեն 2011 թվականի մայիսին՝ Բուդապեշտում նախատեսված գագաթնաժողովում. հենց այստեղ էլ կքննարկվեն այն բարեփոխումներն ու ձեռքբերումները, որոնք արձանագրել են ծրագրի անդամ վեց պետությունենրը՝ գերակա ճանաչված ոլորտներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG