Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ցեղասպանության թեման առավել արդիական է դարձել


Միացյալ Նահանգներում հրատարակվող «Արարատ» ամսագրի խմբագիր Արարատ Արքունը կարծում է, որ ներկայումս անգլալեզու ամերիկահայ գրողները Հայոց ցեղասպանության թեմայի շնորհիվ ավելի մեծ հնարավորություններ ունեն ներգրավվելու ամերիկյան գրական-մշակութային կյանքին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արարատ Արքունը, ով այժմ Հայաստանում է գտնվում, ասաց, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության թեման մեծ հետաքրքրության է արժանանում եւ առավել այժմեական է դարձել Միացյալ Նահանգներում: Այդ պատճառով ամերիկահայ գրողները, ինչպես Փիթեր Սուրյանը, Փիթեր Բալաքյանը, Փիթեր Նաջարյանը եւ այլք ամերիկացի ընթերցողին են ներկայացնում վեպերի, վիպակների, պատմվածքների շարք` հենց Հայոց ցեղասպանության թեմայով:

«Որովհետեւ, ցավոք սրտի, շատ ցեղասպանություններ են տեղի ունենում տարբեր երկրների մեջ, լինի Ռուանդան, նախկին Հարավսլավիան: Այս պատճառով մարդիկ Ամերիկայում ավելի պատրաստ են անդրադառնալու ցեղասպանության հարցին, եւ դրանից օգտվում են որոշ հայ գրողներ», - ասաց Արքունը:

Խոսելով ԱՄՆ-ում առկա գրական-մշակութային խնդիրների մասին` Արքունը ասաց, որ դրանք Հայաստանում եւ ԱՄՆ-ում գրեթե նույնն են: Նախորդ դարի 50-ականներից Նյու Յորքում լույս տեսնող «Արարատ» անգլալեզու 50-70 էջանոց գրական-մշակութային ամսագիրը կես դարից ավելի պարբերաբար` եռամսյակը մեկ լույս տեսնելուց հետ 2008 թվականից արդեն սկսեց հրատարակվել միայն էլեկտրոնային տարբերակով` ֆինանսական բարդությունների պատճառով: Արքունի խոսքով` համացանցում ամսագիրը առավել մատչելի կլինի նաեւ երիտասարդների համար:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG