Մատչելիության հղումներ

Վարդաքարցիները պահանջում են չփակել գյուղի դպրոցը


Վարդաքար գյուղի բնակիչների ցույցը Նախագահի նստավայրի մոտ: 13-ը դեկտեմբերի, 2010թ.

Վարդաքար գյուղի բնակիչների ցույցը Նախագահի նստավայրի մոտ: 13-ը դեկտեմբերի, 2010թ.

Շիրակի մարզի Վարդաքար գյուղի բնակիչները երկուշաբթի օրը նախագահական նստավայրի դիմաց իրենց բողոքն արտահայտեցին գյուղի դպրոցի փակման առնչությամբ:

«Ո՞ւր է մեր դպրոցը», «Դպրոցը փակելով կործանում եք գյուղը», «Ինչո՞ւ մեր ձայնը չի հասնում նախագահին» բովանդակությամբ պաստառներով գյուղապետի գլխավորությամբ մայրաքաղաք էին հասել վարդաքարցի աշակերտներ, ուսուցիչներ, միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչներ:

250 տնտեսություն ունեցող գյուղի ավելի քան 100 աշակերտները այժմ դպրոց չունեն եւ արդեն մի քանի ամիս է, ինչ դասերը անցկացնում են գյուղապետարանում եւ գյուղի մշակույթի տանը:

«Մեր գյուղին դպրոց է պետք, առանց դպրոցի գյուղը չի կարող գոյատեւել», - ասում է աշակերտներից մեկը` հարցնելով, թե ինչո՞ւ քանդեցին գյուղի դպրոցը, եթե նորը չէին կառուցելու:

Վարդաքարի դպրոցի վթարային շենքի վերանորոգման աշխատանքները այս տարի սկսվել են, սակայն օրեր անց կասեցվել: Վարդաքարցիները տեղեկացել են, որ իրենց գյուղի դպրոցի շենքը չի կառուցվելու, քանի որ հարեւան Նոր կյանք գյուղում «Լինսի» հիմնադրամի միջոցներով 350 աշակերտի համար նախատեսված դպրոց է կառուցվում: Միմյանցից 4 կմ հեռավորության վրա գտնվող հարեւան գյուղերում մոտ 250 աշակերտ կա: Վարդաքարցիները սա որակում են որպես օպտիմալացում եւ վճռականությամբ հայտարարում, թե երեխաները հարեւան գյուղի դպրոց չեն գնա:

Ավելի վաղ գյուղի բնակիչները իրենց բողոքի ձայնը բարձրացրել էին գյուղում, այնուհետեւ օրեր առաջ ակցիա էին անցկացրել Շիրակի մարզպետարանի դիմաց: Այսօր էլ, չանսալով մարզպետարանի ներկայացուցիչների հորդորին, նրանք հասան նախագահի նստավայր:

Դպրոցի վերանորոգման համար նախատեսված է եղել պետբյուջեից հատկացնել շուրջ 300 մլն դրամ, ինչը գյուղացիների խոսքով` մեծ գումար չէ:

«Թող մի երկու օր ռեստորան ու կազինո քիչ գնան, բերեն, դպրոց կառուցեն», - ասում է Վարդաքարի բնակիչներից մեկը:

Այսօր ցույցի մասնակիցներին նախ ընդունեցին նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները, ապա նրանց միացավ նաեւ Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը: Փոխնախարարի հետ հանդիպումից հետո գյուղացիները տեղեկացրին, որ խոստացել են առաջիկա օրերին այցելել գյուղ, տեղում ծանոթանալ իրավիճակին եւ վերջնական որոշում կայացնել:

Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանը հավատում է, թե հարցին լուծում կտրվի, քանի որ համայնքն առանց դպրոցի չի կարող գոյատեւել:

«Հավատացած եմ, որ հարցը ճիշտ լուծում կունենա, որովհետեւ դպրոցը անհրաժեշտ բան է», - ասաց Ավետիսյանը:

Վարդաքարցիները ասում են` եթե նախագահականի դիմաց իրենց բողոքի ակցիան արդյունք չտա, ապա իրենք կլքեն գյուղը: - «Կամ կգնանք այլ երկիր, կամ սահմանը կանցնենք, առնվազն Ռուսաստան կգնանք ամբողջ գյուղով», - սպառնում են գյուղացիները:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG