Մատչելիության հղումներ

Քոչարյանների ընտանիքը հայց է ներկայացրել ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի


Ռոբերտ Քոչարյանը կնոջ եւ զավակների հետ:

Ռոբերտ Քոչարյանը կնոջ եւ զավակների հետ:

«Ժամանակ» օրաթերթում այս տարվա սեպտեմբերին տեղ գտած երեք հրապարակումների կապակցությամբ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը անցած շաբաթ դատական հայց է ներկայացրել թերթի դեմ:

Հրապարակված երկու լուրն ու մեկ հոդվածն առնչվում են Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ` Բելլա Քոչարյանի, եւ որդու` Սեդրակ Քոչարյանի գործունեությանը:

Հրապարակումներից հետո Քոչարյանների ընտանիքը պահանջել է թերթում հերքում տպագրել, ինչը, ըստ «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի, արվել է:

«Թերթում մենք տպագրել ենք մեր աղբյուրների տրամադրած այն տեղեկությունները, որ մեզ գոնե այդ պահին հասանելի են եղել: Այն հերքումները, որ նրանք ուղարկել են մեզ, դրանք ամբողջությամբ տպագրվել են` օրենքով սահմանված կարգով: Նրանք մեզնից աղբյուր չեն ուզել, նրանց հերքումները եղել են շատ թերի: Իրենք փաստորեն համաձայն չեն իմ` որպես խմբագրի, որոշման հետ, որ յուրաքանչյուր հերքման հետ մենք հիշեցնում ենք ընթերցողին, թե որ նյութի եւ որ հրապարկման հետ է կապված [հերքումը]», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Բաբաջանյանը:

Քոչարյանների ընտանիքը 6 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում «Ժամանակ» օրաթերթից: Արման Բաբաջանյանի կարծիքով, Քոչարյանների ընտանիքն ուզում է ֆինանսապես ծնկի բերել «Ժամանակ» օրաթերթը:

«Ուզում եմ հասկանալ, թե ինչ պատճառահետեւանքային կապ կա ընդհանրապես փոխհատուցման պահանջի եւ նյութական այն վնասի միջեւ, որ նրանք գործում նշում են: Ըստ իրենց բերած հիմքերի` ստացվում է, որ ցանկացած անգամ, երբ մենք հիշատակում ենք որեւէ ընկերության հետ Քոչարյանների անունը, այդ ընկերությունների բարի համբավը եւ նրանց գործարար հավբավը արատավորվում է, եւ դրանով փաստորեն նաեւ նյութական վնաս է հասցվում», - ասաց «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը:

Այդուհանդերձ, Արման Բաբաջանյանին ավելի շատ հետաքրքրում է իր ձեւակերպմամբ` խնդրի «բարոյաքաղաքական եւ քաղաքացիահոգեբանական կողմը»: Նրա համոզմամբ` դա հարձակում է ազատ մամուլի դեմ:

«Ազատ խոսքը այլընտրանք չի ունենալու, եւ մենք երբեք ու երբեք չենք ընկրկելու այսպիսի հարձակումների առջեւ: «Ժամանակ»-ը շարունակելու է տպագրվել, մենք պայքարելու ենք բոլոր հնարավոր միջոցներով», - նշեց նա` հավելելով, որ օրաթերթը պատրաստվում է իր առարկությունները ներկայացնել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

«Իհարկե, երբեք եւ երբեք չեմ դադարելու հավատալ արդարադատությանը Հայաստանում, բայց եթե չկարողացանք այստեղ հասնել արդարության, արդարություն կփնտրենք Հայաստանից դուրս», - եզրափակեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Հիշեցնեմ, որ «Ժամանակ» օրաթերթի հրապարակումներից մեկում նշվել է, որ Ռոբերտ Քոչարյանի տիկինը` Բելլա Քոչարյանը զբաղվում է դեղորայքի բիզնեսով եւ որ Քոչարյանի ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը: Ըստ թերթի, Քոչարյանների ընտանիքը հովանավորում է նաեւ «Ֆարմատեք» ընկերությանը:

Թերթի մեկ այլ հրապարակման մեջ նշվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակը, ադամանդի հանք է ձեռք բերել Հնդկաստանում` «Կոնվերս» բանկի միջոցով իրականացված գործարքը ձեւակերպելով որպես ներդրում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասաց, որ «Ժամանակ» օրաթերթը սուտ տեղեկություններ է հրապարակել Քոչարյանների ընտանիքի մասին, եւ թերթին դատի տալու պատճառը դա է:

Սողոմոնյանը հավելեց, որ եթե Քոչարյանների հայցը բավարարվի, ապա ինչ գումար էլ լինի, այն «փոխանցվելու է մանկատներից մեկին կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամ»:

Անցյալ տարի, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը, մի հրապարակման առիթով դատի էր տվել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթին` «պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման» պահանջով` վնասը գնահատելով 16 միլիոն դրամից ավելի: Դատարանը հայցադիմումը բավարարել էր մասամբ, եւ «Հայկական ժամանակ»-ը ստիպված եղավ վճարել մոտ 3.5 միլիոն դրամ:

XS
SM
MD
LG