Մատչելիության հղումներ

Տեղական հետազոտության տվյալներով Հայաստանում լրատվամիջոցները «մասամբ ազատ» են


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը (աջից) եւ սոցիոլոգ Վարդան Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպմանը: 13-ը դեկտեմբերի, 2010թ.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը (աջից) եւ սոցիոլոգ Վարդան Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպմանը: 13-ը դեկտեմբերի, 2010թ.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի անցկացրած հետազոտության համաձայն` Հայաստանում ԶԼՄ-ները «մասամբ ազատ» են:

Ինչպես երկուշաբթի օրը լրագրողներին տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Հայաստանյան ԶԼՄ-ների ազատության մակարդակը ըստ փորձագիտական հարցման» վերնագրված հետազոտությունը իրականացվել է միջազգային է Freedom House կազմակերպության կիրառած մեթոդաբանության հիման վրա, սակայն այն հարմարեցվել է հայաստանյան պայմաններին:

Մասնավորապես, եթե Freedom House-ի հետազոտությունն իրականացվում է անկախ փորձագետների հարցման միջոցով, ապա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցումն անցկացվել է քաղաքական տարբեր թեւերի հարող հայաստանյան 50 լրատվամիջոցների ղեկավարների, լրագրողների միջեւ:

Այս տարի ավելի վաղ հրապարակված զեկույցում Freedom House-ը Հայաստանում ԶԼՄ-ների ազատությունը գնահատել էր 66 միավոր, ինչը նշանակում է, որ հայաստանյան լրատվամիջոցները «ոչ ազատ են»:

«Մեր հետազոտության տվյալներով այդ միավորը կազմեց 58.64: Հայաստանյան լրատվամիջոցները մասամբ ազատների եւ ոչ ազատների եզրագծին գտնվող վիճակում են, այսինքն դեռ մասամբ ազատ են, բայց շատ վտանգավոր եզրագծում են, կարող են անցնել ոչ ազատների շարքը` համաձայն մեր փորձագետների գնահատականների», - ասաց Աշոտ Մելիքյանը:

Հետազոտության շրջանակում հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները գնահատել են, թե իրավական, քաղաքական ու տնտեսական առումներով ինչքանով են ազատ լրատվամիջոցները: Ըստ այդմ` հայաստանյան լրատվամիջոցների ազատությունն ամենից շատ սահմանափակվում է հենց տնտեսական պատճառներով: Եթե իրավական ու քաղաքական առումներով ԶԼՄ-ները գնահատվել են «մասամբ ազատ», ապա տնտեսական առումով` «ոչ ազատ»:

«Այդ բեռը, որի տակից չեն կարողանում դուրս գալ շատ տպագիր լրատվամիջոցներ, այսինքն ինքնուրույն չեն կարողանում իրենց լրատվամիջոցը պահել եւ շատ ժամանակ ապավինում են տարբեր տեսակի սպոնսորական աջակցություններին, դա է լրատվամիջոցների ղեկավարներին դրդել, հիմք է հանդիսացել, որպեսզի նրանք այդպիսի գնահատական տան», - ասաց Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանը անդրադարձավ նաեւ լրատվամիջոցների աշխատանքի ազատությունը սահմանափակող քաղաքական գործոններին:

«Քաղաքական առումով նույնպես բավականին դժգոհություններ կան, քանի որ կիսազատ քաղաքական դաշտում աշխատելը բավականին բարդ է, եւ կիսաազատ քաղաքական դաշտը նշանակում է, որ լրատվամիջոցները իրենց վրա զգում են քաղաքական ազդեցություններ: Շատ ժամանակ նրանց հրապարակումների բովանդակությունը պայմանավորված է լինում այս կամ այն քաղաքական ուժի ներազդեցությամբ», - ասաց Մելիքյանը` հավելելով, որ թեեւ գրաքննությունը Հայաստանում պաշտոնապես արգելված է, սակայն լրատվամիջոցները զգում են դա:

Նրա խոսքով` լրատվամիջոցների ազատության մակարդակի վերաբերյալ ստացված գնահատականի վրա ազդել են նաեւ Հայաստանում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների փաստերը: Նա նաեւ խոսեց ԶԼՄ-ների ազատության դինամիկայի մասին` ներկայացնելով իր կանխատեսումները, քանի որ զեկույցում դրա վերաբերյալ տեղեկատվություն չկա:

«Մեր բոլոր նախկին հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքական իրավիճակը սրվելիս միշտ սրվում է նաեւ իրավիճակը ինֆորմացիոն ոլորտում, եւ լրատվամիջոցների վրա ճնշումներն են ավելանում: Եթե հաշվի առնենք, որ մյուս տարին նախընտրական տարի է, իսկ 2012-ը` ընտրությունների տարի, ճնշումները կարող են ավելանալ, եւ դա կարող է արտացոլվել նաեւ միջազգային կազմակերպությունների գնահատականներում», - ասաց Մելիքյանը:

XS
SM
MD
LG