Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դատարանը բեկանեց Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հայցով իր իսկ վճիռը


Munich Re ապահովագրական ընկերության լոգոն
Munich Re ապահովագրական ընկերության լոգոն
ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը անցած շաբաթավերջին բեկանել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հայցով իր իսկ կայացրած վճիռը, այս անգամ հաստատելով իրենց նախնիներին ապահովագրական պոլիսներ վաճառած ընկերություններից փոխհատուցում պահանջելու` հայցվորների իրավունքը:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների 9-րդ շրջանի վերաքննիչ ատյանը ուրբաթ օրը Սան Ֆրանցիսկոյում վճիռ է կայացրել, որ հայերի կոտորածները որպես ցեղասպանություն որակող Կալիֆորնիայի օրենքը չի հակասում ԱՄՆ-ի քաղաքականությանը, որը, ըստ դատարանի, չհստակեցված է մնում տվյալ հարցում:

Նույն դատական ատյանը` միեւնույն կազմով, ձայների նույն` 2 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ, անցած տարի վճռել էր, թե Կալիֆորնիայի հիշյալ օրենքը հակասում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը, որը, ըստ դատարանի նախկին եզրահանգման, ընդդիմանում է հայերի կոտորածները ցեղասպանություն որակելուն:

Այդուհանդերձ, դատավոր Դորոթի Նելսոնը փոխել է միտքը եւ միացել դատավոր Հարի Փրեյջերսոնին: Վերջինս դեմ էր արտահայտվել դատարանի նախկին որոշմանը` ընդգծելով, որ գոյություն չունի նահանգներին Հայոց ցեղասպանություն տերմինի գործածությունը արգելող բացահայտ դաշնային քաղաքականություն:

Վերաքննիչ դատարանի նոր որոշումը հնարավորություն է ընձեռում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին կրկին հետամուտ լինել գերմանական ապահովագրական ընկերություններից, այդ թվում Munich Re AG ընկերությունից փոխհատուցում ստանալու իրենց պահանջներին:

«Սա լրիվ անակնկալ էր: Սա մեծ հաղթանակ է հայ ժողովրդի համար», - վերաքննիչ դատարանի նոր որոշումը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը ներկայացնող փաստաբան Բրայան Քաբաթեքը:

Գերմանական ապահովագրական ընկերությունների շահերը ներկայացնող փաստաբան Նեյլ Մայքլ Սոթմանը, մինչդեռ, տարակուսանք է հայտնել դատարանի նոր վճռի առնչությամբ` ընդգծելով. - «Շատ հազվադեպ է լինում, որ դատարանը փոխի իր միտքը: Ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես կար 2009 թվականի օգոստոսին: Սա դժվար է բացատրել»:

Բրայան Քաբաթեքի, Մարկ Գերագոսի եւ այլ փաստաբանների օգնությամբ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները ժամանակին հայցեր էին ներկայացրել ամերիկյան New York Life Insurance եւ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերությունների դեմ, եւ արդյունքում 2005 թվականին այդ ընկերությունները համաձայնեցին ընդհանուր առմամբ 37.5 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG