Մատչելիության հղումներ

«Մանր կոռուպցիան Վրաստանում զգալիորեն կրճատվել է»


Վրաստան - Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը ուսանողները բաժանում են «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հրապարակած գրքույկները, 9-ը դեկտեմբերի, 2010թ.

Վրաստան - Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը ուսանողները բաժանում են «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հրապարակած գրքույկները, 9-ը դեկտեմբերի, 2010թ.

Մանր կոռուպցիան Վրաստանում զգալիորեն կրճատվել է, փաստում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության դիտորդական խմբի վերջերս հրապարակած համաշխարհային կոռուպցիայի բարոմետրը:

Դա նկատում են նաեւ սովորական քաղաքացիները Վրաստանում, հատկապես վարորդները, ում հանդիպումները ոստիկանների հետ ոչ վաղ անցյալում հիմնականում ավարտվում էին փոքր կաշառք տալով:

Նման փոփոխությունները սկսվել են մի քանի տարի առաջ, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարությունը նախաձեռնեց հանրային ծառայությունների ոլորտում բարեփոխումների իրականացումը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության գլխավոր վերլուծաբան Մաթիուս Հութերը ասում է. - «Այս պահին չկա ոչ մի ուրիշ երկիր, որտեղ ավելի շատ մարդիկ տեսնեն կոռուպցիայի նվազում եւ որտեղ ավելի շատ մարդիկ ասեն, որ կառավարությունն արդյունավետ է պայքարում կոռուպցիայի դեմ: Այսպիսով, կարծում եմ, սա ցույց է տալիս, որ Վրաստանի կառավարության ջանքերը մանր կոռուպցիայի դեմ պայքարում շատ արդյունավետ են եղել»:

Ողջ աշխարհում, անգամ արեւմտյան երկրներում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի զեկույցները փաստել են կոռուպցիայի աճ, մինչդեռ Վրաստանում հարցվածների 78 տոկոսը ասել է, որ կոռուպցիան իրենց երկրում նվազել է, իսկ 77 տոկոսը կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության ջանքերը գնահատել է արդյունավետ:

Ռուսաստանում, օրինակ, հարցվածների ընդամենը 26 տոկոսն է համարել, որ կառավարությունն արդյունավետ պայքար է տանում կոռուպցիայի դեմ, Ուկրաինայում այդ ցուցանիշը 16 տոկոս է: Հայաստանում եւ Ադրբեջանում հարցվածների կեսն ասել են, որ նկատել են կոռուպցիոն երեւույթների աճ, եւ մի փոքր հատվածն է միայն արձանագրել, որ կոռուպցիայի մակարդակը երկրում նվազել է կամ մնացել է նույնը:

«Ինչն է արտասովոր Վրաստանում` համեմատած այլ նորանկախ երկրների հետ. դա այն մարդկանց թիվն է, որ ասել են, թե վերջին 12 ամիսների ընթացքում կաշառք են տվել: Վրաստանում այդպիսի մարդկանց թիվը շատ, շատ քիչ է` հարցվածների ընդամենը 3 տոկոսը: Սա մի թիվ է, որն առանձնանում է տարածաշրջանում», - ընդգծում է Հութերը:

Սակայն անգամ դիտորդները, որ արձանագրում են հաջողություններ մանր կաշառակերությունը պակասեցնելու հարցում, ասում են, որ Վրաստանը հեռու է կոռուպցիայից զերծ լինելուց: Քաղաքական կուսակցությունները եւ դատարանները դեռեւս բարեփոխումների կարիք են զգում: Դիտորդները նաեւ մատնանշում են կլանային կապիտալիզմի միտումները, որ շարունակում են ծաղկել կառավարական ներքին շրջանակներում` լայն զանգվածների աչքից հեռու:

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Հարիմանի ինստիտուտի հետազոտողներից Լինքոլն Միտչելը, մասնավորապես, շեշտում է. - «Կառավարական պայմանագրերը նվիրվում են կոնկրետ անձանց, եւ նախօրոք պարզ է, թե ով է դրանք ստանալու: Եթե դուք ծանոթ չունեք, ապա պայմանագիր չեք ստանա»:

Այլ քննադատներ նշում են, որ կառավարությունը երկրի հեռուստաընկերությունների վրա նշանակալի ազդեցություն ունենալով կարողացել է իր հակակոռուպցիոն բարեփոխումները անվերջանալի PR-ակցիայի վերածել:

Վրացական «Լիբերալի» պարբերականի գլխավոր խմբագիր Շորենա Շավերդաշվիլին ասում է, որ բնակչության մոտավորապես 85 տոկոսը նորությունները հեռուստատեսությունից է ստանում, եւ Սահակաշվիլիի կառավարությունը իր իմիջը կերտելու գործում բավական հաջողակ է եղել:

Այդուհանդերձ, թե' Շավերդաշվիլին, թե' ուրիշները չեն հերքում կառավարության բարեփոխումների կարեւորությունը:

«Առաջ դու իրոք պետք է կաշառք տայիր, ասենք, անձնագիրդ ժամանակին ստանալու համար, եւ դա դժոխային գործընթաց էր, բյուրոկրատիան սարսափելի էր, այժմ պետական կառույցներում կոռուպցիան ակնհայտորեն ավելի քիչ է», - ասում է Շավերդաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG