Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանին երկուշաբթի օրը կայացած նիստում որոշեց քաղաքապետի ընտրությունները անցկացնել դեկտեմբերի 17-ին:

Ավագանու նիստը վարում էր Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:

Իշխող կուսակցությունը, որի խմբակցությունը մեծամասնություն ունի մայրաքաղաքի ավագանու կազմում, չի շտապում բարձրաձայնել իր թեկնածուի անունը:

Մամուլում, այդուհանդերձ, որպես ամենահավանական թեկնածուներ շրջանառվում են քաղաքապետի պատշոնակատար Տարոն Մարգարյանի եւ ավագանում անդամ (ՀՀԿ), «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի անունները:

ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ քաղաքապետի թեկնածության շուրջ կուսակցությունը քաղաքական որոշում դեռ չի ընդունել` հավելելով, որ թեկնածուի հարցը կուսակցության գործադիր մարմինը կորոշի այս շաբաթ հրավիրվելիք նիստում:

Զոհրաբյանը նաեւ ասաց, որ «որոշիչ խոսքը» այդ հարցում երկրի եւ ՀՀԿ-ի նախագահինն է լինելու. - «Իսկ ո՞վ չգիտի, որ որոշիչ խոսքը պիտի լինի հանրապետության նախագահինը»:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, հիշեցնենք, հրաժարական է տվել դեկտեմբերի 8-ին:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Քաղաքապետ է ընտրվում առավել ձայներ հավաքած թեկնածուն:

Ավագանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության (որն ավագանում ունի 17 մանդատ, իսկ ՀՀԿ-ի խմբակցությունը, հիշեցնենք` 35) ղեկավար Գուրգեն Գասպարյանը նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ խմբակցությունը թեկնածություն չի առաջադրելու:

«Որովհետեւ, ինչպես հիշում եք, 2009 թվականի մայիսի 31-ի ընտրություններ ժամանակ քաղաքապետ ընտրվեց Գագիկ Բեգլարյանը, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն էր կազմել, այսինքն` միանգամից նշանակվեց քաղաքապետ: Մեր կարծիքով, դա իրենց պաշտոնն է, եւ քաղաքապետը պետք է լինի Հանրապետական կուսակցության անդամ», - պարզաբանեց Գասպարյանը:

Պատասխանելով նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շուրջ տեղի ունեցածին ու դրան հետեւած հրաժարականին վերաբերող հարցին` Գասպարյանը արձագանքեց. - «Ես ինչին տեղյակ եմ` մամուլից եմ տեղյակ… Դա ավելի մեծ մասշտաբով ասեմ` մեզ չի վերաբերվում: Ճանաչելով Գագիկ Բեգլարյանին` ասեմ, որ նա մեր գործընկերն է, մնում է մեր գործընկերը, մնում է ավագանու կազմում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG