Մատչելիության հղումներ

Էմմին կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում


Երգչուհի Էմմին կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2011»

Երգչուհի Էմմին կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2011»

«Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին: Սա Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի որոշումն է:

Շաբաթ օրը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը այս որոշման առթիվ հրավիրված ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է անցկացնել ոչ թե երգչի, այլ` երգի մրցույթ, որը բաց է այսօրվանից ինչպես Հայաստանի կոմպոզիտորների, այնպես էլ արտասահմանյան:

«Հետո մեր գեղարվեստական խորհուրդը կընտրի այն երգերը, որոնք չափանիշներին կհամապատասխանեն, եւ հեռուստադիտողի դատին կներկայացնի: Կարծում եմ` ուղիղ եթերում քվեարկության ժամանակ կընտրվի այն երգը, որը պետք է Էմին ներկայացնի Գերմանիայում», - նշեց Հարությունյանը:

Երգչուհի Էմմին եւ Միհրանը համարվում էին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու հիմնական հավակնորդը նաեւ 2010 թվականին, սակայն Հանրային հեռուստաընկերության կողմից ուղիղ եթերում անցկացված նախընտրական փուլի արդյունքում հեռուստադիտողի sms քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց երգչուհի Եվա Ռիվասը, ով իր Apricot Stone («Ծիրանի կորիզ») երգով Եվրատեսիլ 2010-ում գրավեց 7-րդ տեղը:

Անցած տարի երգչուհի Էմմին եւ Միհրանը դժգոհություն էին հայտնել Եվրատեսիլ Հայաստան մրցույթի նախընտրական փուլից եւ պնդել էին, որ Հանրային հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն են ունեցել այն մասին, որ Հայաստանը ներկայացնելու է Էմին, իսկ մրցույթով ընտրվելու էր միայն երգը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներից մեկում անցած տարի Էմմին նշել էր, որ վիրավորված է Ալեքսան Հարությունյանից:

«Ես երեւի վիրավորված եմ եղել: Բայց եթե այսօր այստեղ եմ, եկել եմ եւ ելույթ եմ ունենում, ուրեմն ամեն ինչ մոռացել եմ», - շաբաթ օրվա ասուլիսում ասաց երգչուհին` հավելելով. - «Անցած տարի չեղավ, որովհետեւ, երեւի թե, պետք չէր որ լիներ: Բացի դրանից` ես Գերմանիան ավելի շատ եմ սիրում», - կատակեց Էմմին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG