Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 11-ի մամուլ


«Առավոտ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է ՀԱՊԿ մոսկովյան գագաթաժողովում Սերժ Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությունը, թե եթե Ադրբեջանի կողմից լինի նոր ռազմական սադրանք, Հայաստանը այլընտրանք չի ունենա, եւ ստիպված կլինի դե յուրե ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Պարոն Բաբայնը ասում է. - «Հայաստանի նախագահի կողմից նման դիրքորոշում հայտնելը ինչ-որ ձեւով ազդում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորության վրա, զսպող դեր է կատարում, որովհետեւ եթե ռազմական գործողություններ սանձազերծվեն, ապա որեւէ այլ միջոց, քան Արցախի ճանաչումը եւ Արցախի պաշտպանությունը` համայն հայության ուժերով, չի լինի: Այդ ժամանակ լինելու է պատերազմ մինչեւ վերջ` կամ մենք, կամ իրենք: Իսկ այս սցենարը ձեռնտու չէ ոչ մեկին»:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի խորհրդական, քաղաքագետ Էլդար Նամազովը զրուցել է «Ժամանակ»-ի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս եք գնահատում ռուս-ադրբեջանական հարաբերությունները»: Պատասխան. - «Եթե դիտարկենք Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները մյուս խնդիրներից դուրս, ապա այդ հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են բավականին դրական: Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման գործընթացի համատեքստում` ես կասեի, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունը գտնվում է բավական բարդ իրավիճակում, քանի որ Ռուսաստանին Հայաստանի հետ կապում են ոչ միայն դարավոր կապեր, այլեւ կոնկրետ միջպետական համաձայնագրեր, անվտանգության, պաշտպանության համատեղ համակարգ, ռազմական համաձայնագրեր ռազմաբազաների վերաբերյալ եւ այլն: Այս տեսակետից հայ-ռուսական հարաբերությունները ավելի խորն են, ինտեգրված են միմյանց, քան Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները»:

«Երկիր» օրաթերթը գրում է. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն թուրքական «Թուրան» գործակալությանը տեղեկացրել է, թե Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքներում անփոփոխ զեկույցը պատրաստ կլինի հաջորդ տարվա փետրվարի վերջերին: Նա ավելացրել է, թե հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին համանախագահները կայցելեն տարածաշրջան»: «Երկիր»-ը մեկնաբանում է. - «Կարելի է եզրակացնել, որ դաշտային առաքելության արդյունքները չեն ներկայացվում` պայմանավորված ընթացող բանակցություններում առաջացած լարվածությամբ: Սա կարող է երկու բանի մասին խոսել: Կամ համանախագահները զեկույցի հրապարակմամբ չեն ցանկանում ավելի լարել իրավիճակը, կամ` նախընտրում են այն ներկայացնել պատեհ առիթի` որպես ճնշման միջոց օգտագործելով բանակցող կողմերի կամ նրանցից որեւէ մեկի նկատմամբ»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Ուկրաինան հաջողությամբ լուծել է Վրաստանի եւ Հայաստանի հետ ունեցած արդեն 2-րդ առեւտրային տարաձայնությունը։ Երկու երկրներն էլ գնացել են զիջումների: Հայաստանում, օրինակ, ներկրվող ոգելից խմիչքների ու ծխախոտի նկատմամբ սահմանվել է ակցիզային հարկի նույնական դրույք, ինչպիսին տեղական արտադրանքի համար է։ «Կոմերսանտ Ուկրաինա» թերթը գրել է, որ փոխարենը ուկրաինական կողմը կդադարեցնի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում այդ հարցի հետաքննությունը»: Թերթը նշում է, որ մայիսի 14-ին Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը ԱՀԿ-ին բողոք էր ներկայացրել, որ Հայաստանում եւ Մոնղոլիայում արտասահմանյան ծխախոտային եւ ալկոհոլային խմիչքների մաքսատուրքերը խտրական են: Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Վալերի Պյատնիցկին հայտարարել էր, որ իրենց է դիմել «Ուկրտոբակ» ասոցիացիան, որի դիմումի հիման վրա սիգարետների խտրական ակցիզային հարկադրույքների շուրջ իրենք սկսել են ոչ պաշտոնական քննարկումներ անցկացնել Հայաստանի հետ։

«168 ժամ»-ը գրում է. - «Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում գտնվող Թռչունների քարայրում կատարված պեղումների ժամանակ 2008 թվականին գտնվել էր աշխարհի ամենահին կոշիկը, որը 5500 տարվա պատմություն ունի: Հայտնի է դարձել, որ հայկական քարանձավում հայտնաբերված կոշիկը տեղ է գտել աշխարհի ամենազարմանալի հայտնագործությունների ցուցակում, որը կազմել է ամերիկյան Parade ամսագիրը: Այդ ամսագրի ուշադրության կենտրոնում են հայտնվում ինչպես հնագիտական, այնպես էլ ինովացիոն գտածոները: Այս տարի, օրինակ, բացի մեր կոշիկից զարմանալի ու շրջադարձային հայտնագործությունների շարքում են աուտիզմով հիվանդ մարդկանց վիճակը պարզաբանող թեստային համակարգը, Հնդկաստանի փոքրաթիվ բնակչության ինքնուրույն «կորո» լեզուն, որին տիրապետում է մեր մոլորակի վրա ապրող 800-հոգանոց խումբը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG