Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային ժողովի պատգամավորները ուրբաթ օրը ճեպազրույցներում իրենց կարծիքները հնչեցրեցին Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկության եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի վերաբերյալ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ի պատասխան հարցին, թե արդյոք նախարարի պաշտոնանկությունը քաղաքական ենթատեքստ ունի, արձագանքեց. - «Ես սա կապում եմ ավելի շատ ներքաղաքական եւ այս նախընտրական իրավիճակի հետ: Արդարության հաստատումը, օրինականության հաստատումը, արատավոր երեւույթների մերժումը, իմ տպավորությամբ, այս պահին գոնե շղարշ են` քողարկելու այն, ինչ կատարվում է իշխանության դաշտում, որի նպատակը ուղղակի ապագա խորհրդարանական ընտրություններն են»:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, սակայն, նախարարի պաշտոնանկությունն ու քաղաքապետի հրաժարականը համարում է «նորմալ գործընթացներ»:

«Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել բոլորիս աչքի առջեւ, ստացել է իր ճիշտ գնահատականը: Այստեղ քաղաքական ենթատեքստեր տեսնելը, իմ կարծիքով, տեղին չէ», - ասաց Բիշարյանը:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանի խոսքով, նախարարի պաշտոնանկության եւ Երեւանի քաղաքապետի հրաժարակի մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելը «ենթադրությունների ոլորտից է»:

ՀՅԴ խմբակցության մեկ այլ անդամ` Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկության հիմնավորմանը` պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, ասաց. - «Գեւորգ Դանիելյանը այն հազվագյուտ պաշտոնատար անձանցից է, ով իր բարեկրթությամբ, մասնագիտական ունակություններով այսօր պահանջված անձ է»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այս առնչությամբ հակադարձեց. - «Չի նշանակում, որ մարդը շատ բարեմասնություններ ունի, ուրեմն պիտի նախարար աշխատի կամ հավերժ պիտի մնա»:

Սահակյանի կարծիքով, այն, որ «խախտվել է նախկին ավանդույթը» (երբ պաշտոնանկություններն ու հրաժարականները չէին մեկնաբանվում) եւ հանրությանը ներկայացվել է պաշտոնանկության պատճառը, «արդեն մեկ քայլ առաջ է»:

Պատասխանելով Երեւանի քաղաքապետի հրաժարականին վերաբերող հարցին` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց այն հանգամանքը, որ հանրությունը սպասում էր, թե կատարվածից հետո ինչ արձագանք է լինելու, եւ արձագանքը եղավ:

«Այո, մեր երկրում իրենց օրենքից վեր դասող մարդիկ չպիտի լինեն, եւ օրենքը բոլորի համար է, եւ օրենքի առջեւ հավասար են բոլորը», - հավելեց Զոհրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարին, սակայն, զարմացնում է, թե ինչու օրենքի պահանջով չեն պատժվում այն պաշտոնատար անձինք կամ նրանց հարազատները, ովքեր բազմիցս ծեծկռտուքներ են սարքել:

«Շատ զարմացած էի երեկ կառավարության տարածած հաղորդագրությոնից` էթիկայի կանոնները խախտելու համար… Իսկ օրենքները խախտելու համար պատասխանատվության չե՞ն ենթարկվելու: Եվ զարմանալի է, որ ծեծը իրականացրած պաշտոնյայի [Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի] ազատման հրամանագիրը չկա, բայց կա նրան չպատժած նախարարի ազատման հրամանագիրը», - ասաց Ստյոպա Սաֆարյանը:

XS
SM
MD
LG