Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է


ՄԱԿ-ի վեհաժողովը, որի ավարտին ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Փարիզ, 1948թ.
ՄԱԿ-ի վեհաժողովը, որի ավարտին ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Փարիզ, 1948թ.

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ը ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Վերջին տարիներին` հատկապես 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, Հայաստանը իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների ամենամյա զեկույցներում անընդհատ քննադատության է ենթարկվում։

Իրավապաշտպանները փաստում են, որ իշխանությունները սահմանափակում են մարդկանց տարրական իրավունքները, կեղծում են ընտրությունները, ոտնահարում են խոսքի եւ հավաքների ազատությունը, իրավապահները բռնություններ են կիրառում եւ մարդկանց բանտ նետում քաղաքական ակտիվության համար։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ չի կարող դրական գնահատական տալ 2010 թվականի զարգացումներին։

Նրա խոսքերով, տարվա ընթացում Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում էական բարելավումներ չեն եղել։ Հայաստանը իրավական պետություն չի դարձել, այսինքն` դատական համակարգն անկախ չէ։

«Այդ հարցը Հայաստանի իշխանությունները չեն կարողանում լուծել, որովհետեւ չեն ուզում լուծել։ Ինչ վերաբերում է առանձին իրավունքներին, ապա կարելի է ասել, որ ամենակարեւոր, բացարձակ իրավունքը` խոշտանգումների բացառումը, դեռ չկա։ Դրանք դեռեւս չեն վերացել Հայաստանի իրավական համակարգից, ինչի վկայությունը Վահան Խալաֆյանի մահվամբ ավարտված դեպքն է Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում», - ասաց Ավետիք Իշխանյանը։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահի փոխանցմամբ` իշխանությունները խոչընդոտում են խաղաղ հավաքների իրավունքը։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այժմ Հայաստանում մարդու իրավունքները կախված են ոչ թե օրենքից եւ իրավունքից, այլ մարդու պաշտոնից եւ ֆինանսական հնարավորություններեից։

«Դրական միտումներ մարդու իրավունքների ոլորտում ես չեմ արձանագրում։ Դեռեւս, ցավոք սրտի, 2008 թվականի հետեւանքները չեն վերացված` քաղբանտարկյալները չեն ազատվել, իսկ «Մարտի 1»-ի զոհերի պատասխանատուները դատարանի առջեւ չեն կանգնել», - ասաց Ավետիք Իշխանյանը եւ ավելացրեց. - «Կարեւոր է հատկապես երկրորդ հանգամանքը, որովհետեւ վերջին օրերին կա իրավական տարբեր ձեւակերպումներով քաղբանտարկյալներին վաղաժամկետ ազատ արձակելու միտում»։

«Հուսանք, որ 2011 թվականին Հայաստանում գոնե քաղբանտարկյալներ չեն լինի», - ամփոփեց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG