Մատչելիության հղումներ

Հայաստանցիների մեծ մասի կարծիքով երկրում կոռուպցիայի մակարդակը աճել է, կամ մնացել է նույնը


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անցկացրած հետազոտության համաձայն, Հայաստանի քաղաքացիների կեսը գտնում է, որ անցած երեք տարիներին կոռուպցիայի մակարդակը երկրում աճել է, 35 տոկոսի կարծիքով կոռուպցիայի մակարդակը մնացել է նույնը եւ միայն 15 տոկոսն է համոզված, որ այն նվազել է: Հինգշաբթի օրը այդ հետազոտությունը լրագրողներին ներկայացրեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Նույն հետազոտության համաձայն, Հայաստանի քաղաքացիների ընդամենը 27 տոկոսն է համարում, որ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ է, մինչդեռ 53 տոկոսի համոզմամբ` այն ոչ արդյունավետ է:

Այսօր հրապարակված «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի զեկուցի համաձայն, Հայաստանում հանրության կողմից որպես ամենակոռումպացված ոլորտ ընկալվում է կրթության համակարգը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարարության Զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն ասաց, թե «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի տվյալները իրենց համար ընդունելի են:

«Դրա պատճառը կարծում եմ հետեւյալն է` կրթության համակարգի հետ առնչվում են հասարակության ամենալայն շերտերը: Եվ յուրաքանչյուր երեւույթ կրթության համակարգում բնականաբար մեծ արձագանք է գտնում հասարակության մեջ», - կարծիք հայտնեց Ստեփանյանը:

Հոկտեմբերի վերջին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հրապարակած մեկ այլ զեկույցի համաձայն, նախորդ տարվա համեմատ Հայաստանը դարձել է ավելի կոռումպացված երկիր եւ այդ միտումը արդեն 4 տարի անընդմեջ գնալով վատանում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG