Մատչելիության հղումներ

Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի քվեարկությունը տապալվեց


Հայաստանի Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը: Կոալիցիոն ուժերը, սակայն, չմասնակցեցին քվեարկությանը:

«Կողմ` 13, դեմ, ձեռնպահ չունենք: Քվեարկությունը չի կայացել», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Կողմ էին քվեարկել, բացի «Ժառանգություն» խմբակցության անդամներից, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը եւ ՀՅԴ խմբակցության 6 պատգամավոր:

«Թե' տապալման, թե' նաեւ հետագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չճանաչման հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է խորհրդարանական մեծամասնության վրա, եւ այսօր ուղղակի գնահատական տրվեց մի գործընթացի, որտեղ ռիսկերի պատասխանատվությունը իր վրա էր վերցրեց «Ժառանգություն» կուսակցությունը, բայց օրակարգ մտցնելու եւ դրան պատշաճ ընթացք տալու պատասխանատվությունից խուսափեց խորհրդարանական մեծամասնությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, քվեարկության տապալումը վկայում է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարց երբեւէ չի քննարկվելու եւ չի քվեարկվելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Այդ հարցերը քննարկվելու են Ակվիլայում, Մուսկոկայում` առանց մեզ եւ մեր շահերին դեմ հայտարարությունների տեքստով, կամ` մեր ներկայությամբ Աստանայում, բայց կրկին մեր շահերին դեմ»:

«Ժառանգություն» խմբակցությունը կոալիցիոն մեծամասնությանը առաջարկել էր նաեւ հարցն ընդգրկել մեծ օրակարգ: Առաջարկությունը, սակայն, մերժվել էր:

«Երբ հարմար պահը գա, ոչ միայն կոալիցիան… միայն Հանրապետականն էլ կարող է ցանկացած դեպքում ստորագրություններ հավաքել եւ կես ժամվա ընթացքում հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ քննարկել այդ հարցը», - այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀԿ-ի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Իշխող քաղաքական ուժի` ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հիշեցնենք, դեռ հոկտեմբերի 28-ին, երբ հերթական անգամ հետաձգվեց օրինագծի քվեարկությունը, հայտարարել էր, որ Հանրապետականը չի մասնակցելու քվեարկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG