Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքական ուժերը մեկնաբանում են Երեւանի քաղաքապետի հրաժարականը


Գագիկ Բեգլարյանը հանդիսավոր երդում է տալիս` ստանձնելով Երեւանի քաղաքապետի պարտականությունները, 11-ը հունիսի, 2009թ.

Գագիկ Բեգլարյանը հանդիսավոր երդում է տալիս` ստանձնելով Երեւանի քաղաքապետի պարտականությունները, 11-ը հունիսի, 2009թ.

«Օրենքը պիտի բոլորի համար լինի, բոլորը պիտի հասկանան, որ այս երկրում պատժելիությունը, օրենքը բոլորի համար է, այսինքն` չկա օրենքից վեր մարդ», - հայտարարեց Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Երեւանի քաղաքապետի շուրջ վերջին իրադարձությունները:

«Ես նույնիսկ ուզում եմ անձից վերանալ, որովհետեւ խոսքը երեւույթի մասին է: Ենթադրենք, թե նա, ով ծեծի է ենթարկվել, նախագահի աշխատակազմի աշխատող չէ. հավանաբար չէր լինի այս ամեն ինչը, չէ՞: Ինչպես հասկացանք, վերջին կատարված իրադարձություններից հետո նախագահը չի ուզել խոսել քաղաքապետի հետ, ընդհանրապես աշխատակազմը չի հաղորդակցվել նրա հետ եւ այլն, այսինքն` այս մթնոլորտն է կարծես թե ավելի շատ դրդել, ոչ թե կատարվածը` քաղաքապետին հրաժարականի դիմում ներկայացնելու», - ասաց դաշնակցական պատգամավորը` հավելելով.- «Իսկ եթե դեպքը պատահեր կամ պատահում է ոչ այս տեսակ անձի հետ, այս հանգամանքներն ունեցող անձի հետ` մենք ամեն օր լսում ենք այդ տեսակ բաներ, եւ ո՞վ է պատժվում: Թիկնապահների կողմից են մարդիկ բռնության ենթարկվում, պաշտոնյաների, նրանց երեխաների, նրանց երեխաներն են իրար հետ ռազբորկաների մեջ մտնում` ո՞վ է պատժվում»:

«Այսինքն, այս երկրում կարծեք անպատժելիության մթնոլորտ է որոշակի շրջանակների, որոշակի մարդկանց համար», - ամփոփեց Շահբազյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին` «ի՞նչ տեղի կունենա հիմա, եթե հրաժարականը ընդունվի` քաղաքական ինչ-որ փոփոխություն, կուրսի փոփոխություն», արձագանքեց. - «Այդ առումով ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունենա, քանի որ այդտեղ քաղաքապետ-անձից կախված չի եղել այն քաղաքականությունը, որ վարվում է Երեւանում, ինչ որ նախկինում է եղել` մինչեւ Գագիկ Բեգլարյանը, նույն ձեւով էլ շարունակել է ինքը»:

«Այսինքն, այն համակարգը, որ դրված է եղել, ներդրված է եղել ե'ւ ամբողջ երկրում, ե'ւ կոնկրետ Երեւան քաղաքում, ամբողջ կոռուպցիոն համակարգի որպես մի մաս, շարունակվելու է: Այս արատավոր համակարգը չի կարող միայն մի քաղաքապետի աշխատանքից ազատվելով կամ դիմումի համաձայն իրեն աշխատանքից ազատելով փոխվի: Ոչինչ չի փոխվի: Մենք որպես Երեւանի քաղաքացիներ` սրանից ո'չ լավ է լինելու մեզ, ո'չ էլ վատ, նույն ձեւով շարունակվելու է», - ասաց ընդդիմադիր գործիչը:

Իսկ հարցին` դրական չի՞ գնահատում այն փաստը, որ տհաճ միջադեպի արդյունքում տեղի է ունենում պաշտոնյայի հրաժարական, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. - «Եթե լիներ նորմալ մեզ մոտ հասարակարգ, առավել եւս` նորմալ պետական համակարգ, եւ առավել եւս` եթե իշխանությունները, տվյալ դեպքում` նաեւ քաղաքապետարանը, ընտրված լիներ իսկապես նորմալ ձեւով, առանց խախտումների, օրենքի շրջանակներում, ես իսկապես կգնահատեի նորմալ, որ պետական պաշտոնյան, որը թույլ է տալիս նման արարք, ազատվում է աշխատանքից: Բայց քանի որ այս ամեն ինչը մեզ մոտ լրիվ այլ սկզբունքների հիման վրա է տեղի ունեցել` ընտրությունն էլ, այդ մարդկանց նշանակումն էլ, սա ուղղակի գտնում եմ ավազակապետության բնորոշ հերթական այսպիսի մի քայլ, որտեղ երկու կողմերը իրար չեն կարողանում հասկանալ` օրենքից դուրս»:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին կարծիք հայտնեց, որ եթե ընդունվի Գագիկ Բեգլարյանի հրաժարականի դիմումը, «ցանկացած պարագայում քաղաքական որեւէ հետեւանք չի ունենա»:

Այսինքն, Մարտիրոսյանի համոզմամբ, ընդամենը անձի փոփոխություն տեղի կունենա, «որովհետեւ, ըստ էության, քաղաքական ուժերը արդեն կան ավագանիում, եւ քաղաքական ուժերի հարաբերակցության վրա դա որեւէ ազդեցություն, իհարկե, չի կարող թողնել»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG