Մատչելիության հղումներ

Բեգլարյանին ՀՀԿ-ից հեռացնելու հարց առայժմ չի քննարկվել, գործ չի հարուցվել


Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը քվեարկում է Երեւանի ավագանու ընտրություններում, 31-ը մայիսի, 2009թ.
Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը քվեարկում է Երեւանի ավագանու ընտրություններում, 31-ը մայիսի, 2009թ.
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամների հետ եւ ներկայացրել իր մոտեցումները` կապված Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու փաստի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նախագահը անընդունելի է համարել նման երեւույթները, եւ կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչները կիսել են նախագահի մոտեցումները:

Շարմազանովը հայտնեց, որ Հանրապետականը առաջիկայում կհրավիրի նիստ, որի ժամանակ կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած, սական ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում անցկացվում են արտահերթ ընտրություններ:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` Շարմազանովը նշեց, որ Բեգլարյանին կուսակցությունից հեռացնելու հարց նախագահի հետ հանդիպման ընթացքում չի քննարկվել:

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե նախագահի նստավայրից հրահանգ է իջեցվել քրեական գործ հարուցել Գագիկ Բեգլարյանի դեմ` Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու կապակցությամբ:

Ոստիկանությունից, մինչդեռ, հինգշաբթի կեսօրին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ տվյալ պահի դրությամբ դեպքի մասին որեւէ մեկը հաղորդում չի տվել:

Հատուկ քննչական ծառայությունից նույնպես փոխանցեցին, որ որեւէ դիմում կամ հաղորդում տվյալ միջադեպի հետ կապված չեն ստացել, եւ որեւէ քննություն այդ մասով չի ընթանում:

Քաղաքապետի նախկին թեկնածու, պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Ցանկացած դեպքում, եթե հակաիրավական արարք է թույլ տրված, իրավական պետության մեջ պահանջվում է, որ լինի նաեւ իրավական հետեւանք` եթե ապացուցվի անձի մեղավորությունը»:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով, միջադեպից հետո ոչ թե քաղաքապետը պիտի հրաժարական տար` նախագահի ճնշման տակ, այլ պետք է գործեր օրենքը:

«Պետք է հարուցվեր գործ, որի ընթացքում կքննվեին բոլոր հանգամանքները եւ արարքին կտրվեր իրավական գնահատական: Պետք է հասկանալ մի բան. Գագիկ Բեգլարյանը պատժվել է ոչ թե նրա համար, որ նա խայտառակ հակաօրինական արարք է կատարել, այլ պատժվել է մի պարզ պատճառով` որովհետեւ ապտակ է հասցրել նախագահի աթոռը զբաղեցնող անձի հեղինակությանը», - հավելեց ընդդիմադիր գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG