Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն երկրում ներհասարակական ճգնաժամի «լուրջ վտանգ» է տեսնում


ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը չորեքշաբթի օրը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանում ստեղծված թե' իրավական եւ թե'սոցիալական վիճակը` ահազանգելով, որ երկրում առաջացել է ներհասարակական ճգնաժամի «լուրջ վտանգ, որը չի կարող չպայթել»:

Լրագրողների հետ հանդիպմանը Ռուստամյանը նշեց, թե այդ ճգնաժամի արմատները գտնվում են իրավական եւ սոցիալ-քաղաքական մակարդակներում:

Իրավական մակարդակում, նրա խոսքով, կա դե յուրե ամրագրված մի կարգ, բայց դե ֆակտո գործում է «հակասահմանադրական, չգրված օրենքներով կարգավորվող կարգ» եւ այդ վիճակը գնալով խորանում է:

Գալով սոցիալական վիճակին` ՀՅԴ-ի կարծիքով, այսօր ունենք երկու տեսակի պետություն` փոքրամասնության (արտոնյալ խավի) պետություն եւ մեծամասնության պետություն, որտեղ մարդիկ «անտերության են մատնված եւ ստիպված պետք է ելքեր փնտրեն ծանր իրավիճակից»:

«Արտոնյալ խավը այսօր այն աստիճանի է արտոնված, որ կարող է իր համար օրենքներ ընդունել, եւ որեւէ մեկը չունի մեխանիզմ կանխելու եւ, եթե անհրաժեշտ է, մինչեւ իր համար նոր օրենք ընդունելը, շրջանցել, խախտել այն օրենքները, որոնք գործում են», - ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով, Հայաստանն այսօր այնքան է շեղվել ժողովրդավարությունից, որ դրա քողի տակ իր դիրքերը ամրապնդել է պլուտոկրատիան` փողի իշխանությունը. - «Հարստության իշխանություն է Հայաստանում ձեւավորված, ոչ թե` ժողովրդի կամքի դրսեւորմամբ առաջացած»:

Ուստի, «հակաժողովրդական այս միջավայրը պարարտ հող է հանդիսացել արատավոր երեւույթների տարածման համար, ինչպիսին են կոռուպցիան, մենաշնորհները եւ այլն:

«Կա համատարած կոռուպցիա եւ ապաշնորհ կառավարում, կա իշխանության եւ բիզնեսի սերտաճում եւ մենաշնորհային տնտեսություն` դրա հիման վրա ձեւավորված», - հավելեց Ռուստամյանը` շարունակելով. - «Տարբեր գնահատականներով, այսօր 40-50 ընտանիք են, որ որոշում են Հայաստանի բյուջեն: Խոսել այսօր ինչ-որ միջին, փոքր խավի մասին` բացարձակապես անիմաստն է»:

«Արտագաղթի մեծ ծավալները հենց նաեւ այս անարդար իրավիճակով են պայմանավորված», - հայտարարեց Դաշնակցության ղեկավար ներկայացուցիչը:

Ստեղծված վիճակից Դաշնակցությունը միայն մեկ ելք է տեսնում` իշխանափոխություն եւ նոր որակի իշխանության ձեւավորում, եւ դա չպետք է սահմանափակվի առանձին դեմքերի փոփոխությամբ. անհրաժեշտ է իշխանական ողջ համակարգի «կտրուկ եւ արմատական փոփոխություն», ինչի արդյունքում պետք է «արմատախիլ արվի իշխանության վերարտադրման համակարգը եւ ձեւավորվի իշխանափոխության հնարավորությունն ապահովող ընտրական համակարգ»:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս ամենը իրականցնելու համար անհրաժեշտ է նախեւառաջ գալ իշխանության, իսկ ձայներ ապահովելու համար պետք է «նախապես աշխատել, ստեղծել ընտրական իրավունքի պաշտպանության շարժում»:

Հարկ է նշել, որ, չնայած Դաշնակցության պնդմանը, թե Հայաստանում երբեք չեն անցկացվել ժողովրդավարական ընտրություններ, այդ կուսակցությունը, այդուհանդերձ, մի քանի անգամ եղել է իշխանական կոալիցիայի կազմում:

Արմեն Ռուստամյանը այս կապակցությամբ ասաց. - «Լեգիտիմացրել են իշխանությունը այդ բոլոր հաստատումները: Մենք չենք լեգիտիմացնողը: Մենք Սահմանադրական դատարան չենք: Եթե ես լինեի Սահմանադրական դատարանի այդ վճիռը կայացնողը, այդ ժամանակ ինձ կարող էիք մեղադրել… Մեր փաստերն էլ չէին բավարարում, որպեսզի մենք Սահմանադրական դատարան դիմենք, եւ դրա մասին հայտարարել ենք»:
XS
SM
MD
LG