Մատչելիության հղումներ

Քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է օտարալեզու դպրոցների դեմ պայքարը


Չորեքշաբթի օրը Ազգային ժողովում նախատեսվող Լեզվի մասին եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկումը չկայացավ: Այդուամենայնիվ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները, ովքեր հավաքվել էին Ազգային ժողովի մոտ, նիստին շտապող պատգամավորներին հորդորում էին դեմ քվեարկել օրինագծին:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը արդեն մի քանի ամիս պայքարում է օրինագծի դեմ: Նրանք, մասնավորապես, պնդում են, որ այս օրինագիծը, որը հնարավորություն է տալիս Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել, մեծ վնաս կհասցնի հայալեզու կրթական համակարգին:

«Մենք բոլոր դատական ատյաններով անցնելու ենք, ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարան եւ Եվրոպական դատարան, որովհետեւ այնտեղ [օրինագծում] բազմաթիվ խախտումներ կան Հայաստանի վերցրած պարտավորությունների, մեր Սահմանադրության առումով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ խումբը պատրաստվում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել, որոնք պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ պարզապես անհնարին լինի բացել եւ աշխատեցնել օտարալեզու դպրոցներ:
XS
SM
MD
LG