Մատչելիության հղումներ

Աստանայի հայտարարությունը «արձանագրում է հայ դիվանագիտության անընդունելի նահանջները»


Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը, արձագանքելով անցած շաբաթ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրիների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հայտարարությանը, նշում է, որ այն «արձանագրում է հայ դիվանագիտության կողմից այս տարիների ընթացքում թույլ տրված անընդունելի նահանջները»:

Լրագրողներին ներկայացնելով հայտարարությունը` Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց. - «Հայաստանը շարունակել է Լեռնային Ղարաբաղը որպես բանակցությունների լիիրավ կողմ ճանաչելու` ԵԱՀԿ-ի 1994 թվականի որոշումն անտեսելու` Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքական գիծը, վերացել է Լեռնային Ղարաբաղի հիշատակումը որպես հակամարտության կողմ»:

Աստանայում ստորագրված հնգակողմ հայտարարությամբ, հիշեցնենք` «եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ուղղությամբ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը»:

ՀԱԿ-ը գտնում է, որ «անթույլատրելի կետերը» մոտ մեկ տասնյակի են հասնում: Հայաստանը, ըստ Կոնգրեսի, նահանջ է արձանագրել նաեւ տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառման հարցում:

«Հայաստանը պաշտոնապես իր համաձայնությունն է տվել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Օրակարգից հանվել է հանրաքվեի դրույթը, այն փոխարինվել է կամարտահայտման անհստակ ձեւակերպմամբ: Անհստակ եւ անբավարար լուծում է տրվում Հայաստան - Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապի` Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցին», - ներկայացնելով ՀԱԿ-ի հայտարարությունը` նշեց Զուրաբյանը:

Ըստ ընդդիմության, Հայաստանը դիրքերը թուլացրել է նաեւ տարածքների եւ փախստականների վերադարձին առնչվող խնդրում:

«Եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքների դեմիլիտարիզացիայի մասին, ապա այսօր խոսքը այդ տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին է: Եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ արդեն խոսվում է նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ», - ասաց ՀԱԿ-ի համակարգողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG